Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետն անցած տարին դրական է համարում հայ-վրացական համագործակցության աշխուժացման առումով

Փորձագետն անցած տարին դրական է համարում հայ-վրացական համագործակցության 
աշխուժացման առումով

ԵՐԵՎԱՆ,  19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարին կարևոր է եղել հայ-վրացական համագործակցության խորացման առումով: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Տարվա ընթացքում եղել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցելություններ: Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Վրաստան,  իսկ սեպտեմբերին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետը, որը շատ կարևոր էր: Վրաստանի վարչապետի այցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն հայ-վրացական բարեկամության կամրջի կառուցման վերաբերյալ, որն էլ ավելի կխթանի երկու երկրների առևտրատնտեսական կապերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Վրաստանի սերտ համագործակցությունն արտահայտվում է հատկապես մի շարք կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը, առևտրատնտեսական կապերը, էներգետիկ ոլորտը: «Պաշտոնական տվյալներով` անցած տարվա ընթացքում Վրաստան է այցելել 1 միլիոն 456 հազար հայ զբոսաշրջիկ և այդ ցուցանիշով Հայաստանը երկրորդն է, իսկ առաջինն Ադրբեջանն է: Ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 200 հազարով գերազանցել է հայ զբոսաշրջիկների թիվը: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու առումով անցած տարվա ընթացքում ևս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Խոսքը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն է միասնական էներգոկամուրջ ստեղծելու վերաբերյալ, ինչը երկրներին հնարավորություն կտա միավորել էներգոհամակարգերը և փոխանակվել էլեկտրաէներգիայով, ինչն էլ իր հերթին կաշխուժացնի երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ընդգծեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետի խոսքով` Հայաստանն արդեն երկար ժամանակ Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է: Նա նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առևրտրաշրջանառությունը 2014թ. կազմել է 156 միլիոն դոլար, իսկ 2015թ. այդ թիվը կազմել է 189 միլիոն դոլար` արձանագրելով 17 տոկոս աճ: Նրա գնահատմամբ` սա խոսում է այն մասին, որ տարեցտարի երկու երկրները խորացնում են առևտրատնտեսական համագործակցությունը:

Ջոնի Մելիքյանը կարևորում է նաև հայ-վրացական համագործակցությունը ռազմական ոլորտում: Նրա գնահատմամբ` Վրաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ նրանք ցանկանում են ավելացնել օտարերկրյա ներդրումները, իսկ դրա համար կարևոր նախապայման է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: «Անցած տարվա ընթացքում Վրաստան այցելեց Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: Այցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Թեև Վրաստանն ակտիվ ջանքեր է գործադրում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար և ռազմական ոլորտում համագործակցությունը որոշակիորեն սահմանափակ են, սակայն կան ուղղություններ, որտեղ երկու երկրները կարող են համագործակցել»,- նշեց նա:

Փորձագետը ենթադրում է, որ Հայաստանում ընտրական ցիկլի ավարտից հետո կլինի ՀՀ վարչապետի պատասխան այց Վրաստան, ինչն ավելի կակտիվացնի համագործակցությունը երկկողմ ձևաչափում:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի և Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի և Վրաստանի միջև  գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: 2013թ. աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի առաջին նիստը գումարվել է 2014թ. մարտի 21-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]