Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չեխիայում ՀՀ դեսպանությունում ամանորյա միջոցառում է տեղի ունեցել

Չեխիայում ՀՀ դեսպանությունում ամանորյա միջոցառում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում 2017թ. հունվարի 16-ին տեղի ունեցավ ավանդական ամանորյա միջոցառում, որին մասնակցեցին Չեխիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Երեկոյի համակազմակերպիչն էր «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը՝ ի դեմս ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և «Orer.eu» կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանի:

Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը ներկաներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, հակիրճ ամփոփեց 2016թ-ի ընթացքում դեսպանության ծավալած գործունեությունը  և ներկայացրեց միջոցառման ծրագիրը:

Այնուհետև երեկոն շարունակեց Հակոբ Ասատրյանը, որը նախ ներկայացրեց «Օրեր» պարբերականի գործունեությունը, նշելով, որ ամսագիրը պարբերաբար մանրամասն անդրադառնում է Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքների կյանքին` նվիրելով առանձին թողարկում յուրաքանչյուր համայնքին: «Օրեր»-ի վերջին համարը նվիրված է Ավստրիայի հայ համայնքին։

Գլխավոր խմբագրի ելույթը մեծապես նվիրված էր 2016թ. լույս տեսած և Չեխիայի հայ համայնքը ներկայացնող ամսագրի հատուկ համարին: Մանրամասն խոսելով չեխահայության պատմության մասին՝ Հակոբ Ասատրյանը նշեց հայ համայնքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել համայնքի կայացման և զարգացման գործում: Ամսագրի գլխավոր խմբագրի ելույթը զուգահեռաբար ուղեկցվում էր համայնքի կարևոր իրադարձությունները ներկայացնող հարուստ լուսանկարային շարքով: 

Իրանահայ համայնքի մշակութային ժառանգությանը նվիրված զեկույցով հանդես եկավ Աննա Կարապետյանը։

Հ.Ասատրյանը և Ա.Կարապետյանն, ի թիվս Սփյուռքից և Հայաստանից ժամանած մոտ 20 լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների և լրագրողների, նախորդ տարվա սեպտեմբերի 13-ից 20-ը մասնակցել էին Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ալիք» օրաթերթի 85-ամյակին նվիրված ձեռնարկների շարքին։

Տիկին Կարապետյանը ներկաներին ցուցադրեց 350-ից ավելի լուսանկարներ Իրանից, որոնք ներկայացնում էին Թեհրանի, Թավրիզի, Սպահանի հայ համայնքների մշակութային կոթողները, Ատրպատականի Սուրբ Թադեի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանական համալիրները, որոնք բարեկամ ԻԻՀ կառավարությունը 2008թ. ևս երեք այլ եկեղեցիների հետ միասին գրանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և հիմնանորոգել դրանք։ Զեկուցողը ներկաների ուշադրությունը հատուկ հրավիրեց Արաքսի ափին գտնվող Հովվի մատուռի վրա, որը վերջերս է վերականգնվել Իրանի կառավարության ֆինանսական օժանդակությամբ և հայաստանցի վարպետների մասնակցությամբ։ Մատուռի երկվորյակի մնացորդները մինչև նախորդ դարի 90-ականները կանգուն են եղել նաև Արաքսի մյուս ափին՝ Նախիջևանում, սակայն ադրբեջանցի բարբարոսները, Ջուղայի գերեզմանոցի հնադարյա խաչքարերի հետ մեկտեղ, հիմնահատակ ավերել են նաև այն։

Աննա Կարապետյանը մանրամասն ներկայացրեց 17-րդ դարի կեսերին Շահ-Աբբաս Բ-ի օրոք կառուցված Նոր Ջուղայի (Սպահան) Սուրբ Ամենափրկիչ հիասքանչ վանքի ճարտարապետական և գեղարվեստական հարստությունը, դրան կից գործող թանգարանի ցուցանմուշները։

Զեկույցի ժամանակ անդրադարձ եղավ իրանահայության համայնքային կյանքին, խնդիրներին, լրագրողների այցին զուգահեռ անցկացված Համահայկական խաղերին։

Միջոցառման ավարտին հետևեց հյուրասիրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]