Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հանուն Թուրքիայի վերափոխման նա չխնայեց կյանքը. Դինքի սպանությունից անցել է տասը տարի

Հանուն Թուրքիայի վերափոխման նա չխնայեց կյանքը. Դինքի սպանությունից անցել է 
տասը տարի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մնալ և պայքարել, ապրել և գործել հանուն ավելի լավ երկիր կառուցելու, որտեղ կհարգվի ցանկացած քաղաքացի՝ անկախ ազգությունից կամ կրոնական պատկանելությունից. այսպիսին էր Հրանտ Դինքը՝ մարդ, ով, ինչպես փաստում են շատերը, փոխեց Թուրքիան:

Ստամբուլում առաջին հայկական երկլեզու` հայերեն ու թուրքերեն «Ակոս» պարբերականի հիմնադիրն ու նախկին գլխավոր խմբագիրն այն եզակի մարդկանցից էր, ովքեր անկեղծորեն հավատում էին, որ մի օր Թուրքիան կփոխվի, և հանուն այդ հավատի նա չխնայեց ոչինչ` անգամ սեփական կյանքը:

Ուղիղ տասը տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ Դինքը սպանվեց անչափահաս թուրք դավադրի ձեռքով, ով անգամ համարձակություն չունեցավ նայել իր զոհի աչքերի մեջ և միայն հետևից երեք գնդակ արձակեց նրա ուղղությամբ: Հանցագործության հետևում կանգնած անձինք, սակայն, չկարողացան պոլսահայ մտավորականի սպանությամբ լռեցնել արդարության ձայնը՝ «Ջուրը գտավ իր հունը»…

1954թ. սեպտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Մալաթիա քաղաքում ծնված Դինքն այն քիչ մարդկանցից էր, ով ոչ միայն կյանքի օրոք, այլև մահվանից հետո կարողացավ թուրքական հասարակության ներսում շատ արգելքներ կոտրել: Շատերին հենց նրա մահը ստիպեց հետ նայել և նորովի ընկալել սեփական երկրի պատմությունը:

Ապրելով Թուրքիայում՝ Դինքը երբեք իրեն չէր օտարում այդ երկրից և անում էր ամենը թուրքական պետությունը վերափոխված տեսնելու համար: Իր մասին նա ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»: Դինքը վստահ էր, որ «հայ-թուրքական հարաբերությունները անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»:

Թուրքիայում արտահայտած մտքերի ու արած բացահայտումների համար Դինքը կյանքի վերջին տարիներին սկսել էր ծայրահեղական ազգայնականների կողմից բացահայտ, իսկ պաշտոնյաների կողմից քողարկված սպառնալիքներ ստանալ: Շատերը նրան հորդորում էին լքել Թուրքիան՝ փրկելով իր կյանքը, սակայն արդարության մարտիկը երբեք չէր ենթարկվում այդ հորդորներին և բարկանում էր՝ կրկնելով. «Սա իմ երկիրն է»: «Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն պահերին, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այս պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել... Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք, ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թվականին մեր պապերը... Առանց իմանալու դեպի ուր... քայլելով այն ճանապարհներով, ինչ ոտաբոբիկ իրենք են անցել... տանջվելով և ապրելով նրանց վիշտը... Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը»,- ասում էր Դինքը:

Շատ անգամ, երբ նրան հարց էին տալիս, թե ինչու չի գալիս իր հայրենիքում` Հայաստանում ապրելու, նա պատասխանում էր, որ հենց ինքն է ապրում իրական հայրենիքում: «Այո, մենք` հայերս, այս հողերի վրա աչք ունենք, որովհետև մեր արմատներն այստեղ են, սակայն, մի անհանգստացեք, ոչ թե այս հողերն առնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»,- ասում էր նա` պնդելով, որ պետք է մնա Թուրքիայում և շարունակի պայքարը հանուն ավելի ժողովրդավար պետության: «Այստեղ ապրել են իմ նախնիները, իմ արմատներն այստեղ են, իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ»,- կրկնում էր նա:

Ժամանակակից Թուրքիայում Դինքը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության ու ազատության խորհրդանիշը: Ոմանք նրան անվանում են Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ, ոմանք էլ ասում են, թե հենց Դինքի շնորհիվ էր, որ Թուրքիայի հասարակության մի զգալի հատված իր մեջ քաջություն գտավ այլ աչքերով նայելու տասնյակ տարիներ ի վեր պարտադրվող պատմությանն ու իրականությանը: Դինքն ապրեց արգելքներ կոտրելով և մահացավ՝ հավատալով, որ կգա մի օր, երբ Թուրքիայում ապրող քաղաքացին կարթնանա մի երկրում, որը ստիպված չի լինի ամաչել սեփական անցյալի համար: Այն, ինչ նա չհասցրեց անել կենդանության օրոք, արեց մահից հետո՝ արթնացնելով Թուրքիայի հազարավոր քաղաքացիների խիղճը, ստիպելով նրանց ոտքի կանգնել, դուրս գալ փողոցներ և բղավել. «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]