Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

Սպասվող լրահոս. 19.01.2017


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մշակվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը: Այդ հայեցակարգն այսօր` հունվարի 19-ին, կքննարկվի ՀՀ կառավարության հերթական նիստում: Գործադրի օրակարգի մեկ այլ հարցով էլ կսահմանվի Հայաստանի քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար դիմած անձի բնակվելու վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը:

Սյունիքի մարզում հիմնվում է ազատ տնտեսական գոտի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում այսօր կներկայացվի ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագիրը: Դրան կհաջորդի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ասուլիսը: Նա կխոսի ինչպես ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին, այնպես էլ Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ: 

Քաղաքական գործիչները շարունակում են քննարկել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադառնալու է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին: «Միացյալ հայեր» նախաձեռնության անդամներ՝ արվեստաբան Արամ Ավետիսյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն էլ կխոսեն նախընտրական գործընթացների մասին:

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը կմասնակցեն անվանի գիտնականներ, թուրքագետներ, պատմաբաններ, մտավորականներ: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բազմաթիվ սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան, բնակություն հաստատում ու ստեղծում սեփական բիզնեսը: Ի՞նչ խոչընդոտներ կան այդ ճանապարհին: Հայրենադարձներ Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը կխոսեն հայրենադարձության մասին, կներկայացնեն Հայաստան տեղափոխվածներին տրվող հնարավորությունները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ կկայանա ՀՀ մարզերի շնորհալի երեխաների հաշվետու համերգը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի այս տարվա առաջին համերգը, որը կրում է «Ձմեռային մեղեդի» խորագիրը: Ելույթ կունենա Հայաստանում հայտնի և սիրված երաժիշտ՝ ալտահար Մաքսիմ Նովիկովը: Համերգին կմասնակցեն նաև Խաչատրյան տրիոյի երաժիշտները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ