1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այցելել «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում  անդրադարձ է եղել պարկի գործունեության  հիմնական ուղղություններին: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե  Գուլանյանը մասնավորապես , ներկայացրել է Սևանա լճում ձկան որսի արգելքի շրջանում իրականցված աշխատանքները, համաձայն որոնց  ձկան որսի արգելքի առաջին շրջանում՝ դեկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում առգրավված ձկան քանակը նախորդ տարվա  համեմատությամբ գրեթե նույնն է, բավականին մեծ թվով առգրավվել են լողամիջոցներ:Արգելքի երկրորդ շրջանը համեմատաբար հանգիստ է անցնում, կանխարգելիչ և բնակչության հետ բացատրական աշխատանքները շարունակվում են, ինչը տալիս է դրական արդյունք:Ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մանրաձկան ապօրինի որսի վրա: Անդրադառնալով ապօրինի գործողություններին՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է , որ սկզբունքային նշանակություն ունի այն հարցը , որ դրանց մասնակից չլինեն ազգային պարկի, բնապահպանական տեսչության,  համակարգի այլ աշխատակիցներ, նրանք, ովքեր կոչված են ապահովելու պահպանությունը` չդառնան հանցակից կամ օժանդակող օրինախախտներին: «Չի ներվելու և չի հանդուրժվելու այն փաստը, որ ազգային պարկի աշխատակիցը դառնա օժանդակող կամ հանցակից այս անձանց: Ես քաջ գիտակցում եմ, որ այսօրվա վարձատրության պայմաններում ոչ բոլորը կարող են դիմանալ գայթակղությանը, բայց պետք է համբերել մինչև պատշաճ մոդելի ,ծրագրի մշակումը,որպեսզի և վարձատրությունը նորմալ լինի, և ծառայությունը արժանապատիվ դաշտ տեղափոխվի:Հետագայում իրականացնելու ենք արմատական, հիմնարար փոփոխություններ, որոնք վերաբերելու են թե համակարգին, թե կադրերին:Ուստի, կարևոր է , որ հիմա արժանապատիվ ծառայությունը լինի հիմնական ուղղորդողը»,- իր խոսքում, մասնավորապես,  նշել է Արծվիկ Մինասյանը: Այս համատեքստում կարևորվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նախագծի մշակումն ու դրա ընդունումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ջրօգտագործման թույլտվություններին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը և մի շարք այլ հարցերի: Ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդ  ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության  «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Աշոտ Գնդոյանին,ով երկար տարիներ եղել է պարկի տնօրենը:

Այցի հերթական կանգառը Տավուշի մարզում էր: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մինչ խորհրդակցության մեկնարկը նախարարին ներկայացվել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից պարկին նվիրաբերված փայտաղաց մեքենան: CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը տեղում համառոտ ներկայացրել է այն  ծրագրերը, որոնք իրականացնում են «Դիլիջան» ազգային պարկի  հետ միասին:Այնուհետև խորհրդակցության ընթացքում տնօրեն Սահակ Մուրադյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել մի շարք խնդրահարույց հարցերի, մասնավորապես, ապօրինի ծառահատումներին, անտառապահպանության, վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում տեսուչների աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորություններին: Նախարարն իր մտահոգությունն է հայտնել անօրինական ծառահատումների դեպքերի առնչությամբ:« Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու՝ հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա: Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն: Առաջին կարևոր խնդիրը սա է: Երկրորդ. որևէ ընդվզում ՝ներքևից կլինի, միջին օղակում , թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու, որովհետև մենք խնդիր ենք դրել  «Դիլիջան» ազգային պարկ»-ը 2017 թվականին կտրուկ որակական փոփոխության ենթարկելու՝սկսած ֆինանսավորումից մինչև կոնկրետ ծրագրերի իրականացում » ,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը: Աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և  ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու նպատակով նշվել են կանխարգելիչ միջոցառումները, տեխնոլոգիական լուծումների ներդնումը: Անտառապահները կարևորել են ստուգման կետերի առկայությունը, որոնք շատ արդյունավետ  են, ինչպես նաև տեսչական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան անցնել աշխատաժամային նոր ռեժիմի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել են նաև գիտական ուսումնասիրությունները, անդրադարձ է եղել կադրերի վերապատրաստմանն ու տեխնիկական վերազինմանը: Մտքերի փոխանակում է ծավալվել նաև էկոտուրիզմի զարգացման ու խթանման հարցերի շուրջ: Բնապահպանության նախարարին ներկայացվել է նաև  Կովկասի բնության հիմնադրամի կողմից «Դիլիջան» ազգային պարկում  առաջիկայում նախատեսվող ՝ եղնիկների բուծման ծրագիրը:Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելել է ծրագրի իրականացման համար ընտրված տարածքներ:Արծվիկ Մինասյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, նշելով , որ համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ակտիվ շրջան է սկսվում, ինչը երկարատև ու ռազմավարական նշանակության արդյունքներ կապահովի բնապահպանական համակարգում: «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում  նախարար Արծվիկ Մինասյանը  ներկայացրել է իր լիազոր ներկայացուցչին՝ Իշխան Սաղաթելյանին, հույս հայտնելով,որ աշխատանքներն առավել համակարգված ու հասցեական կդառնան, իսկ այցերն ազգային պարկեր կլինեն առավել հաճախակի ու անակնկալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]