1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՖՖ-ն տոնում է հիմնադրման 25-ամյակը

ՀՖՖ-ն տոնում է հիմնադրման 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 տարի առաջ այս օրը՝ հունվարի 18-ին հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ առաջին նախագահ դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 1992 թ. սկսեցին անցկացվել անկախ Հայաստանի առաջնությունը և Գավաթի խաղարկությունը: Հայաստանի առաջին գավաթակիր դարձավ Աբովյանի «Բանանցը», իսկ չեմպիոնական կոչումը նվաճեցին վերջնագիծը հավասար միավորներով հատած 2 թիմեր՝ «ՀՄԸՄ»-ն և «Շիրակը»: Ընդհանուր առմամբ, 25 տարիների ընթացքում բոլորից շատ՝ 14 անգամ, երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Փյունիկը», որը նաև բոլորից շատ՝ 8 անգամ, նվաճել է երկրի գավաթը:    

Հենց 1992 թ. ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:

Առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Հայաստանի հավաքականի կազմում, դարձավ Արսեն Ավետիսյանը` 1994 թ. հուլիսի 16-ին ընկերական խաղում գրավելով Մալթայի հավաքականի դարպասը: 1994 թ. Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը` Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելով Բելգիայի հավաքականի հետ: Բրյուսելում տեղի ունեցած խաղում մեր ընտրանին պարտվեց 0-2 հաշվով, իսկ պաշտոնական խաղերում մեր դարպասը խփած առաջին գոլի հեղինակը դարձավ Երվանդ Կրբաշյանը` գրավելով սեփական դարպասը: Հայաստանի հավաքականի առաջին գնդակը պաշտոնական խաղերում խփեց Ռազմիկ Գրիգորյանը՝ 1995 թ. մայիսի 10-ին գրավելով ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի դարպասը: Ընդհանուր առմամբ, ՀՖՖ գոյության 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականում, աշխատել են 16 մարզիչներ և հանդես են եկել 182 ֆուտբոլիստներ: Ամենից շատ՝ 132 հանդիպում անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, իսկ ամենից շատ՝ 19 գոլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

ՀՖՖ նախագահի պաշտոնում Նիկոլայ Ղազարյանին փոխարինեց Արմեն Սարգսյանը (1994-1998 թթ.), իսկ 1998-2002 թթ. ՀՖՖ նախագահն էր Սուրեն Աբրահամյանը: 

2002 թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, ով մինչ օրս էլ գլխավորում է երկրի ֆուտբոլային գերատեսչությունը:

Ռուբեն Հայրապետյանի նախագահության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը գրանցեց աննախադեպ առաջընթաց՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրանալով մինչև 30-րդ հորիզոնական (2014 թ. փետրվար): Հատկապես հաջող ստացվեց Եվրո-2012-ի ընտրական փուլը, երբ մեր հավաքականը, Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ընտրական խմբում վաստակելով 17 միավոր, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության գլխավոր ուղղություններ դարձան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը և ենթակառուցվածքների ստեղծումն ու բարելավումը:

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնը` Ֆուտբոլի ակադեմիան: Հայկական ֆուտբոլի զարգացման համար այս կարևորագույն կառույցի բացումն ազդարարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ֆուտբոլի ակադեմիան միանգամից դարձավ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, այլ մարզաձևերի հավաքականների հավաքների անցկացման գլխավոր կենտրոնատեղին:

2014 թվականի սեպտեմբերի 13-ին բացվեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան, իսկ 2016 թ. հոկտեմբերի 29-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված գերակա ուղղություններին՝ Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում հիմնել ակադեմիաներ, կառուցել մարզադաշտեր և խաղադաշտեր, բարեկարգել արդեն գոյություն ունեղոց ենթակառուցվածքները, հատուկ ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ավելացնել ֆուտբոլով զբաղվող և հետաքրքրվող երեխաների ու երիտասարդների թիվը, ներգրավել ֆուտբոլով հետաքրքրվող ավելի շատ մարդկանց, նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների հաջող ելույթների համար, նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]