Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Նիդերլանդների, Մոնղոլիայի, Չինաստանի, Մակեդոնիայի և  Հայաստանի գծով տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսին:

Նախարարը, ողջունելով հյուրին, կարևորեց ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական ինչպես ճանապարհաշինության, այնպես էլ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 

Կողմերը քննարկեցին  Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ նախագծերից  մեկը՝ ՀՀ հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց նաև նախարարության առաջնահերթություններն ու օրակարգային նախագծերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ: Խոսքը, մասնավորպես, վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Այստեղ ակնկալվում է ՎԶԵԲ-ի միջնորդությունը պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների կենտրոնի» ստեղծմանը:

Նախարարը հույս  հայտնեց, որ ՎԶԵԲ-ը ներդրումը կունենա նաև միջքաղաքային տրանսպորտային ցանցի բարելավման ու զարգացման ծրագրում: 

Հանդիպման ավարտին Ֆրանս Վիկերսն առաջարկեց յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումներ անել ՎԶԵԲ-ի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների  հետ` հնարավոր գործակցության ուղիներն ավելի խորքային հասկանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]