Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի սքրինինգային մասը կտևի մինչև տարեվերջ

«Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի սքրինինգային մասը կտևի 
մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015-2016 թվականներին շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտությունների արդյունքների ամփոփման, հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը և թիվ 17 պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ընտանեկան բժիշկ Ժաննա Պապոյանը:

 «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացության և հաշմանդամության հիմնական պատճառները ոչ վարակիչ հիվանդություններն են: Մահացության 80 տոկոս բեռն ընկնում է վերոնշյալ հիվանդությունների վրա: Հայաստանում  մահերի 46 տոսկի պատճառն արյան շրջանառության հետ կապված հիվանդություններն են, 21 տոկոս մահացությունները  չարորակ գոյացությունների հետևանք են, 7,6 տոկոսը շնչառական համակարգի հիվանդությունների, իսկ 4,5-ը` շաքարային դիաբետի բարդությունների պատճառով են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երվանդ Էլիբեկյանը:

2015 թվականից Հայաստանում մեկնարկել է «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի սքրինինգային մասը, որն ուղղված է շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը: Այն կտևի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Ծրագիրն իրականացվում է ամբողջ հանրապետությունում ամբուլատոր կլինիկական օղակում, և այդ օղակում գրանցված բնակիչները կարող են այցելել, անցնել անվճար հետազոտություններ»,-ընդգծեց Երվանդ Էլիբեկյանը:

Նրա խոսքով` նախքան ծրագրի մեկնարկը, իրենք բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել: «2013-2014 թթ. մշակվել են ոչ վարակիչ հիվանդություններին ուղղված ազգային ուղեցույցներ, կրթական նյութեր, հանրապետության 2700 բժիշկ վերապատրաստվել է: Բուժհաստատությունները վերազինվել են անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով»,-ասաց Էլիբեկյանը:

Երկու տարվա ընթացքում իրականացվել է 210 000 հետազոտություն, որոնցից 112 000-ը՝ արգանդի պարանոցի վզիկի քաղցկեղին ուղղված:

Երվանդ Էլիբեկյանը շեշտեց, որ նաև շեղումներ են հայտնաբերվել: «Շաքարային դիաբետի 330 000 հետազոտություն ենք իրականացրել: Սյունիքի և Լոռու մարզերում քիչ են շեղումները, իսկ Տավուշում՝ շատ: Արյան գերճնշման սքրինինգի արդյունքում ամենաբարձր շեղումները հայտնաբերվել են Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, իսկ ցածրը` Երևանում և Լոռվա մարզում»,-նշեց նա:

Ժաննա Պապոյանի խոսքով` պոլիկլինիկաները բոլոր հետազոտությունները, սքրինինգներն անվճար են իրականացնում: «Անկախ նրանից, թե ինչ խնդրով է այցելուն մեզ դիմել, մենք չափում ենք նրա ճնշումը, ստուգում գլյուկոզան, անհրաժեշտության դեպքում ներկայացնում գինեկոլոգին»,-ասաց Պապոյանը:

 Խոսելով այդ ոլորտում իրականացվող վերահսկողությունից` Էլիբեկյանն ընդգծեց, որ իրենք պարբերաբար մշտադիտարկում են անցկացնում: «Ունենք անձնավորված տվյալներ, և ընտրության սկզբունքով այցելում ենք համապատասխան բուժհաստատություն, հավաստիանում, որ  գրանցված  հիվանդն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, հետո զանգահարում տվյալ այցելուներին ու հարցնում, թե ինչ հետազոտություններ են անցել և արդյոք գոհ ու բավարարվա՞ծ են»,-ասաց  Երվանդ Էլիբեկյանը:

Շաքարային դիաբետի և հիպերտոնիայի դեպքում ռիսկային է համարվում  35-68 տարիքային խումբը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց պարագայում, արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում` 30-60 տարեկան կանանց խումբը:

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը Հայաստանում հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2013 թվականին: Դրա նպատակը  ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի  վաղ հայտնաբերումը, կանխարգելումն ու վերահսկումն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am