Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դինքի գործով կասկածյալը մեղադրել է Ստամբուլի իշխանություններին նրա մահվան մեջ

Դինքի գործով կասկածյալը մեղադրել է Ստամբուլի իշխանություններին նրա մահվան 
մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը դատական նիստի ժամանակ նոր ցուցմունքներ է տվել գործի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

«Այս հանցագործության հետ կապված հետաքննություններ են իրականացվել, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Սա մի հանցագործություն է, որտեղ բոլորը, ընդհանուր հայտարարի գալով, որևէ միջոց չձեռնարկեցին և թույլ տվեցին, որ դա տեղի ունենա: Պետությունը չարեց այն, ինչ պարտավոր էր: Հրանտ Դինքի կյանքը չպաշտպանվեց»,- նշել է Յըլմազերը:

Կասկածյալն ասել է, որ հանցագործության կատարումը նպատակ է ունեցել Թուրքիայում անկայունություն ստեղծել: «Արդարություն և զարգացում» կուսակցության (Թուրքիայի իշխող կուսակցությունն է -խմբ.) իշխանության օրոք ազգայնականները համակարգված կերպով հաճախակիացրել են իրենց գործողությունները: Դինքի սպանությունը ծառայելու էր քաոսի առաջացմանը»,- հայտնել է Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրենը:

Նա ընդունել է փաստը, որ Դինքի կյանքը պաշտպանելը եղել է Ստամբուլի իշխանությունների պարտականությունը: Յըլմազերը հայտնել է, որ Ստամբուլի նահանգապետարանն ու ոստիկանությունը տեղեկություններ են ունեցել Դինքի սպանությունը նախապատրաստելու վերաբերյալ, սակայն նրան անհրաժեշտ պաշտպանություն չի տրամադրվել: «Եթե սպանության գործում որոնվում է կանխամտածվածության տարր, ապա դա պետք է փնտրել Ստամբուլում»,- նշել է նա:

Ստամբուլի  «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած  9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]