Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նրա կողքին ոչ ոք չէր էլ կարող մտածել նահանջելու մասին. հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

Նրա կողքին ոչ ոք չէր էլ կարող մտածել նահանջելու մասին. հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ապրիլյան պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում հերոսաբար նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Ապրիլյան պատերազմից այսքան ամիս անց գյումրեցի հերոսի ընկերների հիշողության մեջ դեռ վառ են Մերուժանի  հետ անցկացրած լավագույն տարիները, դժվար պահերին ընկերոջ տված խորհուրդները, Մերուժանի անփոփոխ պատրաստակամությունը` ամեն պահի լինել ընկերների կողքին ու աջակցել:

Դպրոցական տարիների ընկերը՝ Գագիկ Բատոյանը, պատմում է, որ Մերուժանը միշտ փորձում էր օրը հետաքրքիր դարձնել, նրա հետ այն երբեք ձանձրալի չէր անցնում.

«Հիշում եմ թե՛ վերջին զանգի փորձերը, թե՛ էքսկուրսիաները, որոնց կազմակերպչական աշխատանքներում Մերուժանը միշտ ակտիվ էր:  Պատահում էր, որ գալիս էր ու առաջարկում այդ մի օրը մի տեղ գնալ, ծրագրում էր, կազմակերպում»:

Մերուժանի հետ կապը պահպանել են անգամ դպրոցն ավարտելուց հետո: Գագիկի խոսքով՝ տարբեր ճանապարհներով գնացած ընկերները միշտ գտնում էին հանդիպելու ու զրուցելու ժամանակ:  

«Ընկերության մեջ ամենակարեւորն այն է, որ մարդը հասկանա եւ ընդունի քեզ որպես իր ընկեր ու ամեն պահի լինի քո կողքին:  Նա ամեն ինչ անում էր այդ  ընկերության համար, դժվար պահերին օգնում էր մի ելք գտնել, ուրախության ժամանակ մեզ հետ հավասար ուրախանում էր: Մենք հրաշալի ընկերներ ենք եղել:  Ռազմական ինստիտուտում, երբ արձակուրդ էին տալիս, գալիս էր, հանդիպում էինք, այնքան հետաքրքրությամբ էր պատմում ծառայության մասին, մեզ էլ ուղղորդում էր, որ մեր ծառայությունը ավելի հեշտ անցնի. դեռ փոքրուց էր որոշել, որ պետք է զինվորական դառնա»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է դպրոցական ընկերը:

21-ամյա Հրայր Բաղդասարյանն էլ կողք կողքի մարտնչել է դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի հետ, եղել նրա հետ մինչեւ վերջին պահը: «Ինձ համար նա իդեալական անձնավորություն է»,-այսպես է բնութագրում զինվորն իր հրամանատարին, ում ճանաչում էր մոտ մեկ տարի, սակայն վստահեցնում է՝ ամբողջ կյանքն էլ չի հերիքի  հերոսի մասին պատմելու համար.

«Ճիշտ է՝ ես շատ չեմ փոխել ծառայության վայրերը, հրամանատարներին, բայց  կարող եմ ասել, որ իմ ունեցած հրամանատարներից ոչ ոք չի կարող նմանվել Մերուժանին, նրա նման մարդ չկա: Ես դեռ նման բազմակողմանի զարգացած սպա չէի տեսել: Մերուժանը ամեն ինչի հետ միասին նաեւ երգում էր, նվագում: Ես էլ էի սիրում երգել: Երբ ազատ էինք ունենում կամ դիրքերում գտնվելու ժամանակ միշտ միասին երգում էինք»:


Հրայրը պատմում է, որ Մերուժանն իր զինվորներին խորհուրդներ էր տալիս  ոչ որպես սպան զինվորին, այլ զուտ որպես եղբայրը եղբորը:

«Այնպես էր անում, որ ծառայությունը շատ լավ ընթանար, իր հետ ծառայության ընթացքում ընդհանրապես դժվարություն չենք ունեցել. ինչ էլ եղել է, միասին հեշտությամբ հաղթահարել ենք»:

Հերոսը նույնքան պատրաստակամ ու հոգատար է իրեն դրսեւորել նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Որ ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է, ամեն գնով փորձում էր պահել դիրքը: Կռվի ժամանակ այնքան ոգի էր տալիս, որ ոչ ոք նույնիսկ չէր էլ կարող մտածել նահանջելու, թշնամու անհավասար ուժերի մասին, մտածում էինք, որ նրանց բոլորին հաղթելու ենք: Ես ձախ հատվածում էի կանգնած, Մերուժանը՝ աջ. դուք միայն տեսնեիք, թե ինչպես էր մի հատվածից մյուսը վազում, բոլորին օգնություն հասցնում»:

Մերուժան Ստեփանյանի հետ Թալիշի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին նաեւ հերոսներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, այլք:

Պատերազմում վիրավորված ու մի քանի օր կյանքի համար պայքար տված Հրայր Բաղդասարյանն այսօր փորձում է հարազատների շնորհիվ հաղթահարել ապրիլյան պատերազմից մնացած ծանր հիշողությունները, մտքում թողնել միայն ընկերներին  ու նրանց հետ անցկացրած օրերը:

«Մի բան կարող եմ ասել, որ այս պատերազմը նախկին Հրայրից ոչինչ չթողեց: Դժվար է, երբ գիտակցում եմ, որ չորս ընկեր եմ կորցրել եւ հնարավորություն չեմ ունեցել ինչ-որ բանով նրանց օգնելու, ողջ-առողջ տեսնելու: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան միգուցե թեթեւանա, բայց Մերուժանին էլ, մյուս ընկերներիս էլ միշտ կհիշեմ ու կպահեմ իմ սրտում»:

 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]