Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Ամառային շրջանում դեպի Սևան կգործի 2 կանոնավոր երկաթուղային երթուղի


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից էլեկտրագնացքով ուղևորվել է Սևան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները և 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնել է, որ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը` Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով: «2017 թվականին նախատեսվում է բարելավել նաև էլեկտրագնացքների նստարանները և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել»,- ասել է նախարարը:

Դիտարկման ընթացքում արձանագրվել են նաև ճանապարհին առկա խախտումները, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով. երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբն ու անօրինական շինությունները անվտանգության նորմերի լուրջ խախտումներ են:

«Տարիների ընթացքում մարդիկ եկել ու երկաթգծին շատ մոտ ապօրինի շինություններ են կառուցել, անպայման կքննարկենք այս հարցը նախարարությունում ու կփորձենք լուծման ուղիներ գտնել»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

էլեկտրագնացքը կանգառ կատարել է Չարենցավանի կայարանում: Նախարարը շրջել է կայարանում, ծանոթացել է շենքային պայմաններին: Ռելեային կառավարման կենտրոնը 2012թ-ին է վերանորոգվել: Շահագործող մասնագետի խոսքով` աշխատում է անխափան: «Սարքերը ծառայում են երկաթգծին. այստեղից կառավարվում են սլաքներն ու լուսացույցները, հերթապահը կարողանում է տեսնել, թե որտեղ է գտնվում գնացքը»,- մանրամասնել է Չարենցավանի կայարանի էլեկտրամեխանիկ Արսեն Խաչատրյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով,  սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով: Այնուամենայնիվ, 2016 թվականի բյուջեն լիարժեք կատարել են:

«Պատրաստվում ենք 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երևան-Սևան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին»,- ասել է Սերգեյ Վալկոն:

Ամառային տարեշրջանում դեպի Սևան կգործի  2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղևորվեն «Ալմաստ» և «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաև չվացուցակը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ