Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման 
անվտանգության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցրել է քաղաքացիներին գազի օգտագործման անվտանգության կանոնները: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությանն ամբողջությամբ.

«Վերջին տասնամյակում ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի և գազային սարքավորումների օգտագործման անվտանգության կանոնները:

  • Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:
  • Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:
  • Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
  • Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
  • Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:
    Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:
  • Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:
  • Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:
  • Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:
  • Արգելվում է գործի դնել գազային համակարգով շահագործվող մեքենաների շարժիչները փակ տարածքում:

Տարաբնույթ նյութերի այրման ժամանակ առաջանում են նաև այլ թունավոր գազեր, ինչպես, օրինակ՝ սինիլաթթու, ֆոսգեն և այլն, իսկ օդում թթվածնի պարունակությունը նվազում է: Ահա թե ինչու առավել վտանգավոր է ոչ այնքան կրակը, որքան ծուխն ու դրա այրուքը: Ժամանակակից շենքերում, որտեղ լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պոլիմերային և սինթետիկ նյութեր, հրդեհի ժամանակ մարդկանց վրա մեծ ազդեցություն են գործում այրման թունավոր արգասիքները: Չնայած այրվող նյութերում պարունակվում են թունավոր ազդեցություն ունեցող 50-100 տեսակի քիմիական միացություններ, այնուհանդերձ տարբեր երկրների գիտնականների մեծամասնության կարծիքով հրդեհի ժամանակ, ինչպես նաև՝ տարբեր գազային սարքավորումները ոչ ճիշտ շահագործելիս, մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ածխածնի օքսիդով (շմոլ գազ) թունավորվելն է:

Ածխածնի օքսիդն առանց հոտի, անգույն, այրվող գազ է: Թունավոր է, օդում այրվում է կապույտ բոցով: Խտությունն օդի նկատմամբ կազմում է 0,967, այսինքն օդից թեթև է: Շմոլ գազը վտանգավորէ նրանով, որ 200-300 անգամ ավելի լավ է ռեակցիայի մեջ մտնում (փոխազդում) արյան հեմոգլոբինի հետ, քան թթվածինը, ինչի հետևանքով արյան կարմիր մասնիկները կորցնում են օրգանիզմը թթվածնով մատակարարելու իրենց ընդունակությունը: Առաջանում է թթվածնային քաղց, հյուսվածքների հիպոքսիա (թթվածնաքաղց), մարդը կորցնում է մտածելու կարողությունը, դառնում է անտարբեր և անուշադիր, չի փորձում փրկվել վտանգից: Այնուհետև վրա է հասնում փայտացումը, դեպրեսիան, շարժման համակարգվածության խանգարումը, իսկ շնչառության կանգնելու դեպքում` մահը: Ածխածնի օքսիդի վտանգավորությունը բացատրվում է ոչ միայն թունավորությամբ, այլ նաև այրման արգասիքներում նրա համեմատաբար մեծ պարունակությամբ: Հրդեհի ժամանակ ածխածնի օքսիդ գոյանում է 10-40 անգամ ավելի շատ, քան առավել թունավոր ցիանականջրածին: 50-70% դեպքերում մարդիկ զոհվում են ածխածնի օքսիդով թունավորվելու և թթվածնի անբավարարության պատճառով:

Հիշե՛ք, անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի հնարավոր ռեակցիաները (հակազդեցությունը) այրման արգասիքների խտության ավելացման դեպքում, մասնավորապես՝

  • Շմոլ գազ (ածխածնի օքսիդ). 0,01%՝ թույլ գլխացավ, 0,05%՝ գլխապտույտ, 0,1%՝ ուշագնացություն (ուշաթափություն), 0,2%՝ կոմա, 0,5%՝ վայրկենական մահ.
  • Ածխաթթու գազ. Մինչև 0,5%՝ չի ներգործում, 0,5%-ից մինչև 7%՝ սրտային ռիթմի հաճախացում, շնչառական կենտրոնների կաթվածի (պարալիչ) սկիզբ, 10%-ից ավելի՝ շնչառական կենտրոնների կաթված և մահ»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]