1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դիպլոմների տրամադրման դեպքեր. մեղադրանքներ են առաջադրվել երեք ռեկտորի

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դիպլոմների տրամադրման դեպքեր. մեղադրանքներ են 
առաջադրվել երեք ռեկտորի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։ Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:

Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ վերը նկարագրված, ինչպես նաև կեղծիքների հետ կապված այլ հանգամանքներում ստացված ավարտական դիպլոմներ կամ ակնհայտ կեղծ այլ փաստաթղթեր օգտագործելը քրեորեն հետապնդելի է և պատժվում է օրենքով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]