Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն օգնում է հայաստանյան անօթևաններին

Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն օգնում է 
հայաստանյան անօթևաններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում գործող դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը օգնում է անօթևաններին լուծել իրենց խնդիրները և ունենալ ժամանակավոր կացարան։ Այժմ հիմնադրամում բնակվում են 106 հոգի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը ներկայացրեց իրականացված և կատարվելիք աշխատանքները։

- Պարոն Խաչատրյան, ո՞րն է հիմնադրամի նպատակը: 

- Որպես հիմնադրամ մենք միշտ պատրաստ ենք օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվել են փողոցում։ Մենք պետք է աջակցենք նրանց և լուծենք բոլոր խնդիրները։ Մեր հիմնադրամն աշխատում է դանիական մոդելով, այսինքն՝ լուծել մեզ մոտ հայտնված անձի խնդիրը,նոր միայն թողնել, որ նա գնա մեր մոտից։ Մենք լուծում ենք անձնագրի հարցը, գտնում ենք աշխատանք նրանց համար, եթե հաշմանդամություն ունեցող անձ է, ապա փորձում ենք այնպես անել, որպեսզի հաշմանդամության կարգ ձեռք բերվի։ Լուծում ենք առողջական խնդիրները։  Հիմնականում երեք ամիս են մնում մեր շահառուները, և այդ ընթացքում մենք անում ենք ամեն ինչ մարդկանց համար։ Բայց երբեմն կարճ է լինում այդ ժամանակահատվածը, և մեր միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով կարողանում ենք մի փոքր էլ երկարաձգել ժամանակը և վերջնական լուծում տալ բոլորի խնդիրներին։ Ժամանակի երկարաձգվելը այնքան էլ կախված չէ մեզնից։ Հիմնականում դեսպանատների, ոստիկանության հետ է կապված։ Օրինակ՝ երբ չենք կարողանում ճշտել որևէ մեկի տվյալները, որպեսզի անձնագիր տրվի նրան։ 

- Քանի՞ հոգի միաժամանակ կարող է ապրել հաստատությունում: 

- Ընդհանրապես՝ 100 մարդ, բայց վերջերս Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի հետ խորհրդակցեցինք, և որոշում կայացրինք ավելացնել տեղերը։ Մեր շենքի հնարավորությունները այնպիսին են, որ կարող ենք 100-ից ավելի մարդ ընդունել, գոնե այս ձմռան ամիսներին։ Այս պահին կան 39 կին և մոտ 69 տղամարդ։ Հիմա 106 հոգի են օթևանում մեր ապաստարանում։ 

- Ովքե՞ր չեն կարող լինել Ձեր շահառուները: 

- ՀՀ սոցիալական աջակցության օրենքով մեզ մոտ չեն կարող ապրել հոգեկան հիվանդներ, տուբերկուլյոզով հիվանդներ, մաշկային վարակակիր, հեպատիտ C և վեներական հիվանդություններ ունեցող անձինք, ովքեր կարող են վտանգ ներկայացնել մյուս շահառուների համար։ Նրանք առաջին հերթին պետք է տեղափոխվեն համապատասխան բժշկական հաստատություններ, որտեղ բուժում ստանալուց հետո կարող են գալ մեր կենտրոն։ 
- Անկողնային խնամքի կարիք ունեցողներ կա՞ն:  

- Հիմնադրամը հիմնականում խնամում է առողջ մարդկանց։ Չնայած լինում են նաև անկողնային հիվանդներ, բայց ոչ այնպիսիք, ովքեր ընդհանրապես շարժունակ չեն։ Մեզ մոտ մնում են այնպիսի անձինք, ովքեր կարող են տեղաշարժվել որևէ մեկի օգնությամբ։ Մենք աշխատում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ, և եթե նմանատիպ մարդիկ հայտնվում են մեզ մոտ, մենք տեղափոխում ենք նրանց հիվանդանոց։ Ընդհանրապես աշխատում ենք բոլոր հիվանդանոցների հետ։ Ուղարկում ենք այնտեղ, ապաքինվում են և հետո վերադառնում մեզ մոտ։ 

- Ինչպե՞ս եք ընտրում Ձեր շահառուներին, ինչպե՞ս եք տեղեկանում նրանց մասին: 

- Մենք ինքներս շրջայցեր ենք անում քաղաքում, ունենք շրջիկ միկրոավտոբուս, որի վրա գրված  է մեր հիմնադրամի անվանումը՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ։ Ձմռանը՝ շաբաթական երեք օր, շրջում ենք քաղաքի փողոցներով և հավաքում անօթևաններին, խիստ կարիքավորներին։ Հիմնականում ահազանգում են քաղաքացիները, օրինակ, երբ տեսնում են, որ մարդն առողջական վատ վիճակում է, զանգահարում են շտապօգնություն և հենց այստեղից էլ ահազանգում են, որ ունեն նմանատիպ հիվանդ, և մենք օպերատիվ կերպով գնում ու բուժման, խնամքի կարիք ունեցողին բերում ենք մեզ մոտ։ 

- Ե՞րբ է եղել վերջին ահազանգը: 

- Մի քանի օր առաջ մենք ունեցանք երկու ահազանգ, անմիջապես գնացինք նշված վայր։ Տեղում պարզեցինք, որ նրանցից մեկը հոգեկան խնդիրներ ունի և նրան տեղափոխեցինք Նուբարաշենի հոգեբուժարան։ Այնտեղ էլ պարզել էին, որ ոտքերը ցրտահարված են, որովհետև 10 օր դրսում էր մնացել, և անգամ իր եղբայրը չէր կարողացել գտնել նրան։ Մենք ևս փնտրում էինք նրան և երրորդ օրը վերջապես գտանք։ Ոստիկանության հետ համագործակցելով՝ դժվարությամբ կարողացանք իրեն կարգի բերել, ուղեկցել դեպի շտապօգնության մեքենա, տեղափոխել ոստիկանության բաժին, Նուբարաշենի հոգեբուժարան, ապա այրվածքաբանության կենտրոն։ 

- Ի՞նչ տարիքի անձինք իրավունք ունեն ապրելու Ձեր հաստատությունում
- ՀՀ սոցիալական աջակցության օրենքի համաձայն մեզ մոտ իրավունք ունեն ապրելու սկսած 18 տարին լրացած քաղաքացիներից մինչև հարյուր և ավելի տարեկանները։ Մենք ընտանիքների չենք կարող պահել մեզ մոտ, եթե նրանք ունեն անչափահաս երեխա։ Սակայն, եթե երեխաներին հանձնեն այլ խնամքի կենտրոն, ընտանիքի մյուս անդամներին կարող ենք ընդունել։ Եթե լինի ընտանիք, որտեղ երեխաներն արդեն չափահաս են, բոլորով կարող են մնալ մեզ մոտ, սակայն ըստ մեր օրենքների, տղամարդիկ մնում են առանձին սենյակներում, կանայք՝ առանձին։ Այսինքն՝ կանայք կանանց հետ են մնում նույն սենյակում, տղամարդիկ՝ տղամարդկանց հետ։ 


- 2016 թվականին Ձեր հաստատություն ավելի շատ եկել են տղամարդի՞կ, թե՞ կանայք: 
- Այս տարի ավելի շատ տղամարդիկ են եղել մեր հիմնադրամ այցելածները։ Հիմնականում եղել են 45-50 տարեկան տղամարդիկ և 18-25 տարեկան երիտասարդներ։ Ունենք նաև զինապարտներ… Մի տղա կա, որին արտաքսել են Ռուսաստանից։ Նա Տաշիր քաղաքից է։ Դժբախտ ընտանիք են։ Քույրը մահացել է, եղբայրը զոհվել է բանակում, ինքն էլ շատ վատ բնավորություն ունի։ Բոլոր հարազատներն իրենից երես են թեքել։ Ռուսաստանում երեխաներ է ունեցել, բայց քանի որ արտաքսել են, նրանց թողել և ետ է եկել։ Կույր է ձևանում, բայց տեսողությունը նորմալ է, ինձ իրենց բժշկուհին է ասել։ Տղայի մայրը զանգել էր ինձ և վախենում էր, որ հանկարծ տղան չգնա իր մոտ։ Ես, իհարկե, խոստացել եմ, որ կպահենք նրան մեզ մոտ։ Մենք նաև խոստացել ենք, որ կլուծենք իր աչքերի բուժման հարցը, քանի որ, այնուամենայնիվ, խնդիր ունի, և դրանից հետո կուղղորդենք նրան խնամքի կենտրոն։ Սա մեկն է այն բազմաթիվ պատմություններից, որ ես տեսել և լսել եմ իմ աշխատանքի ընթացքում։ Շատ դաժան ճակատագրերով մարդիկ են եղել այստեղ։ Երբեմն գլխումս չեն տեղավորվում որոշ պատմություններ, քանի որ, իմ կարծիքով, հայերն այն ազգը չեն, որ այսքան շատ անօթևաններ ունենային։ Բայց մեր հայրենակիցները սառել են միմյանց նկատմամբ, անտարբերությունն ավելացել է մեզանում…

- Որո՞նք են հիմնական պատճառները, երբ 18-25 տարեկան երիտասարդները հայտնվում են անօթևանների կացարանում
- Դրանք շատ տարբեր կարող են լինել։ Կարող եմ մի պատմություն պատմել։ Մի տղա, ումից ծնողները հրաժարվել էին և ով մի քանի օր առաջ դուրս եկավ մեր հաստատությունից, ավարտել էր գիշերօթիկ դպրոցը և տեղափոխվել մեզ մոտ։ Շատ լավ երիտասարդ է, աշխատում է, ամուսնացել է, փոքրիկ երեխա ունի։ Այժմ վարձով  են ապրում։ Մեր հաստատությունում արդեն 4 զույգ ամուսնացել են։ Երկու հոգի հենց այստեղ ծանոթացան և ամուսնացան, դեռ երեխա չունեն, բայց հաշտ և համերաշխ են ապրում։ Մենք միշտ կապ ենք պահում մեր բոլոր շահառուների հետ, իրենք էլ են երբեմն այցելում մեզ։ Հավելեմ նաև, որ մենք մոտ 780 շահառու ենք ունեցել այս 2-3 տարում։ Մեզ մոտ այժմ բնակվում են 106 մարդ։ 79 շահառուների տեղափոխել ենք պետական խնամքի կենտրոններ։ Նրանց հարցերն արդեն լուծված են, և նրանք մինչև իրենց կյանքի վերջ կարող են ապրել հենց այնտեղ։ 247 հոգի արդեն ինքնուրույն կյանքի են անցել։ Այսինքն՝ վերադարձվել են ընտանիք, աշխատանքի են տեղավորվել, ապրում են ինքնուրույն։ Ունենք նաև շահառուներ, ովքեր իրենց կամքով լքել են հաստատությունը։ Մարզեր ենք տեղափոխել մոտ 11 անօթևանի։ Մեր կենտրոնը միակն է հանրապետությունում։ Աշխատում ենք ամբողջ հանրապետությունով։ Ունենք շահառուներ Վանաձորից, Գյումրիից։ Մի նկատառում ևս. վերջերս Ռուսաստանից հաճախ են արտաքսում մեր քաղաքացիներին։ Նրանք էլ, երբ գնացել են ՌԴ, վաճառել են իրենց բնակարանները և վերադարձվելուց հետո չեն ունենում սեփական կացարան։ 

- Կա՞ն, արդյոք, անօթևաններ, ովքեր Ձեր հաստատությունից դուրս գալուց հետո տուն են վերադարձել և ապրում են իրենց ընտանիքների հետ: 
- Իհարկե, կան այդպիսիք։ 98 հոգի վերադարձել են իրենց հարազատների մոտ։ Այսինքն՝ կապը վերականգնել ենք, և նրանք նորից ապրում են իրենց ընտանիքներում։ 

- Եղե՞լ են, արդյոք, օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ինչ-ինչ պայմանների բերումով հայտնվել են անօթևանների կացարանում: 
- Մենք ունեցել ենք տարբեր երկրներից մարդիկ, ովքեր օթևանել են մեզ մոտ։ Մոսկվայից կար մի անձնավորություն, ում հարազատներին գտան «Սպասիր ինձ» հաղորդման շնորհիվ։ Այստեղից դեսպանատան միջոցով օգնել եմ, որպեսզի մեկանգամյա անձնագիր տան նրան, և վերադառնա իր հարազատների մոտ։ Ուկրաինայից էլ է եղել այդպիսի մարդ, ինչպես նաև՝ Իրանից, Աֆղանստանից, Պերուից։ Հենց այս պահին մի կին կա, ով Կուբայից է։ Նա արդեն վեց ամիս է, ինչ բնակվում է մեզ մոտ։ Այստեղ էր եկել իր աղջկա և թոռնուհու հետ, հետո այնպես էր ստացվել, որ իր աղջիկը մեր կլիմայական պայմաններին չէր հարմարվել։ Կինը մնացել է Երևանում, քանի որ կորցրել էր անձնագիրն ու փաստաթղթերը, իսկ աղջիկն ու թոռնիկը ետ են վերադարձել Կուբա։ Հիմա մենք փորձում ենք նրա փաստաթղթերի հարցերը կարգավորել։ Մեզ մոտ նաև բնակվում է մի կին, ով Ուկրաինայից է։ Մենք վերականգնեցինք նրա անձնագիրը, բայց նա չի ուզում վերադառնալ իր հայրենիք, քանի որ ասում է, որ իրենց երկրում տեղի ունեցող դեպքերի հետևանքով կորցրել է բոլոր հարազատներին ու բարեկամներին։ Որոշել է մնալ Հայաստանում։ Այժմ ընկերություն է անում մի հայ տղայի հետ, ում մենք ուղարկել ենք խնամքի կենտրոն։ Հիմա իրենց հետ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք գրանցվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։ Այդպիսով, ուկրաինացի կինը կկարողանա տեղափոխվել խնամքի կենտրոն, և նրանք կապրեն որպես ընտանիք։   
Հիմնադրամը, որդեգրելով դանիական Կոֆոեդ դպրոցի մոդելը, 2012 թվականից սկսած սոցիալ-հոգեբանական աշխատանքներ է իրականացրել բազմաթիվ անօթևան մարդկանց հետ։ Այն միակն է Հայաստանում և աշխատում է հանրապետության ողջ տարածքում։ 

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]