Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Դեպի Արցախ եվրոպացի պատգամավորների, տարբեր գործիչների այցերը կակտիվացվեն


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Արցախի հարցի հետ կապված աշխատանքը շարունակելու է տարբեր ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, աշխատանքները մի քանի մասերի են բաժանված: Նախ կազմակերպել եվրոպացի պատգամավորների, քաղաքական գործիչների այցելություններ Հայաստան, Արցախ, ինչպես նաև Արցախից խորհրդարանական, քաղաքական, հասարակական պատվիրակությունների այցելություններ կազմակերպել դեպի Եվրոպա:

«Այդ տեսանկյունից 2016 թվականը բավական ակտիվ տարի էր: Մեծ թվով քաղաքական գործիչներ այցելեցին Արցախ: Արցախից նույնպես դեպի Եվրոպա ակտիվ այցելություններ գրանցվեցին: Բելգիա այցելեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Մեր գործունեությունն այս նույն ոգով շարունակելու ենք` հիմնվելով անցյալ տարվա աշխատանքների վրա»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նա նկատեց, որ Արցախ կատարած այցելություններից հետո պատգամավորների տպավորությունները փոխվում են, նրանք ավելի տեղեկացված են վերադառնում: Նման այցերի ժամանակ Արցախն էլ հնարավորություն է ունենում եվրոպական տարբեր շրջանակներում բարձրացնել Ադրբեջանի ագրեսիային, հարձակվողական քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի, պետականաշինության մասին հարցեր:

Պետո Դեմիրճյանը նշեց, որ Արցախի զբոսաշրության տեսանկյունից լուրջ հեռանկարներ կան:

«Երկու ամիս առաջ Բելգիայում ունեցանք Արցախին նվիրված մեծ ցուցահանդես, այդ ուղղությամբ  կապի մեջ ենք տարբեր շրջանակների, ճամփորդական կազմակերպությունների հետ: Աշխատանք ենք տանում, որ զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթներում ներառեն Հայաստանն ու Արցախը: Այդպիսով փորձում ենք խթանել Արցախի զբոսաշրջությունը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակադարձումներին, ապա Պետո Դեմիրճյանը նշեց, որ դա մշտական բնույթ է կրում:

«Ադրբեջանի հակադարձումը, կարծես, սովորական դարձած լինի, վարժվել ենք: Կարող եմ ասել, որ նրանց չի հաջողվում մեզ խանգարել: Նրանք աշխատում են քարոզչության դաշտում, իրականությունից հեռու տեղեկություն են տարածում, իսկ կեղծ պրոպագանդան կարճ կյանք է ունենում»,-հավելեց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ