Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Բելառուսում բլոգերի ձերբակալությամբ Ադրբեջանը փորձում է անուղղակի ազդել Հայաստանի եւ Արցախի ռեսուրսների վրա


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանի խնդրանքով Բելառուսի կողմից ձերբակալումը չպետք է դիտարկել հայ-բելառուսական հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքով՝ այսպես Բելառուսն ավելի շատ փորձում է պարզել հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ:

«Կարծում եմ՝ սա կապված է Բելառուս-Ռուսաստան այն հերթական խնդիրների հետ, որ նաեւ Լուկաշենկոն ֆինանսական ռեսուրսների ակնկալիքներ ունի  Ռուսաստանից, կարծես շանտաժի հերթական ալիք է ՌԴ-ի դեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանն Ադրբեջանի այս քայլը մեկնաբանեց որպես փորձ տարբեր անուղղակի լծակներով ամեն կերպ ազդել Հայաստանի եւ Արցախի ռեսուրսների վրա:

«Հասկանալի է, որ այստեղ հարցը կոնկրետ այդ բլոգերը չէ: Ադրբեջանը փորձում է խնդիրներ ստեղծել, ազդել օրինակ տուրիստական հոսքերի վրա դեպի Արցախ:  Այստեղ մեր դիվանագիտական ուղղակի լծակները սահմանափակ են, քանի որ այդ անձը չի համարվում Հայաստանի քաղաքացի, այլ երրորդ երկրի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է իրագործի անուղղակի դիվանագիտական աշխատանք Բելառուսի հետ»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում դեկտեմբերի 14-ին: Իսրայելական Haaretz պարբերականը տեղեկացրել էր, որ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով՝ Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին քննադատական գրառումներ կատարելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Բելառուսն ուսումնասիրում է բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու հարցը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ զբաղվում է Ալեքսանդր Լապշինի հարցով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ