Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար». անվանի գրողները մրցանակներ ստացան

«Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար». անվանի գրողները մրցանակներ 
ստացան

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» համահայկական գրական ամենամեծ մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 29-ին` Հայաստանի գրողների միությունում: Մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ անկախության 25 -ամյակին: «Հայտերն ընդունվել են սեպտեմբերին: Այս տարվա մրցանակաբաշխությունում ավելացվել են անվանակարգերը`պոեզիա, արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան և երիտասարդական գրականություն: Հայտ է ներկայացրել 51 գրող: Ստեղծագործություններն անտիպ են և ծածկանվամբ են ներկայացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիրմիր Աղայանի խոսքով`իրենց նպատակը Հայաստանում մտավորականության գործունեությունն ակտիվացնելն էր: «Կարծում եմ`  հաջողություններ ենք գրանցում և արդյունքի հասնում»,-ասաց Աղայանը և ընթերցեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նամակն՝ ուղղված մտովորականության ներկայացուցիչներին, ինչից հետո հանձնվեցին դիպլոմները:

Արձակ անվանակարգում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել Արմեն Շեկոյանը, երկրորդը` Գրիգոր Ջանիկյանը, երրորդ տեղում էին Էդուարդ Խաչիկյանն ու Ալեքսանդր Թոփչյանը։

Պոեզիա անվանակարգում առաջին տեղին էր արժանացել Հուսիկ Արան, երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին Սամվել Կոսյանն ու Վահե Արսենը, որոնք հավասար միավորներ ունեին:

 Դրամատուրգիա անվանակարգում ամենաբարձր միավորներին էր արժանացել Գուրգեն Խանջյանը, երկրորդ տեղում էր Կարինե Խոդիկյանը, իսկ երրորդ հորիզոնականում էր Լիա Իվանյանը։

Մանկապատանեկան գրականության առաջին հորիզոնականում էր Ղուկաս Սիրունյանը, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով զբաղեցրել էին Լիպարիտ Սարգսյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։

Երիտասարդական գրականություն անվանակարգում արձակ ժանրում հաղթել է Նառա Վարդանյանը, իսկ պոեզիա ժանրում`Էդուարդ Հարենցը:

Մրցանակակիր Հուսիկ Արան ընդգծեց, որ ներկայացրել է վերջին ամիսներին գրված բանաստեղծությունները: «Գրքում ներկայացված են մեր կյանքի վերջին շրջանում կատարված կարևորագույն իրադարձությունները`քառօրյա պատերազմ… Իմ բանաստեղծություններում շեշտված  է  ժամանակը և դրա տրոփն ու բաբախը փորձել եմ փոխանցել ընթերցողներին»,-նշեց բանաստեղծը:

Գուրգեն Խանջյանի խոսքով` ինքը մեկ անգամ չէ, որ մասնակցել է մրցանակաբաշխությանը և «Ենոքի աչքը» վեպի համար «Արձակ» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը: «Մրցանակները միշտ էլ ոգևորում են գրողներին, սակայն ցանկալի է, որ դրանք դրամական պարգևների տեսքով լինեն»,-շեշտեց Խանջյանը:

«Սա իմ առաջին մրցանակն է որպես արձակագիր: Ինձ համար կարևոր էր, որ ծածկագրերով էինք ներկայացրել ստեղծագործությունները, այսինքն ժյուրիի անդամները չեն իմացել հեղինակներին և, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, ծանոթության գործոնը չկար: Պատմվածքներս «Փողոցը» գրքից էին, որտեղ ներկայացրել եմ հին Երևանը, մեր մանկությունը, իրականությունը»,-ասաց Արմեն Շեկոյանը:

Հանձնաժողովի նախագահը գրականագետ  Աելիտա Դոլուխանյանն էր: Կազմում էին  արձակագիր Նորայր Ադալյանը, գրող Դավիթ Մուրադյանը, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, գրող Ֆելիքս Բախչինյանը, ՀԳՄ քննադատական սեկցիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը, մանկագիր Լյուդվիգ Կարապետյանը։

Մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի գրողների միությունը, ՀՀգիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանիհայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]