Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրացական «Ոսկե մագաղաթ» մրցանակը` «Արմենպրես»-ին

Վրացական «Ոսկե մագաղաթ» մրցանակը` «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին Թբիլիսի հրավիրելու լուրն անակնկալ էր վերջինիս համար։ Հրավիրողը Վրաստանի ազգային «ՋԻ-ԷՅՉ-ԷՆ» («Նոր լուրերի գործակալության»- Լ.Ա. ) գործող ղեկավար և գլխավոր խմբագիր Թեմուրի Ճումբարիձեն էր։ Նա Արամ Անանյանին խնդրել էր ներկա գտնվելու այդ լրատվական գործակալության սահմանած «Ոսկե մագաղաթ» ամենամյա մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ «Արմենպրես»-ի տնօրենը սիրով ընդունեց հրավերը։ Բանն այն է, որ ընդամենը մեկ ամիս առաջ այդ գործակալության երկու պատասխանատու աշխատողներ այցելեցին Երևան, եղան նաև «Արմենպրես»-ում,  հանգամանորեն ծանոթացան հայկական պետական լրատվական գործակալության գործունեությանը և…  մեկնեցին Թբիլիսի՝ այդպես էլ չմանրամասնելով իրենց այցի նպատակները։ Նրանց ասելով, դա պարզապես գրչակից ընկերների հետ ծանոթանալու  միջոց էր։ Մի քանի օր անց Թբիլիսիից ստացված լուրն ավետում էր այն մասին, որ  «Արմենպրես»-ը  պարգևատրվել  է  «Ոսկե մագաղաթ» մրցանակով։

 «ՋԻ-ԷՅՉ-ԷՆ» լրատվական գործակալության մրցանակներն ավանդաբար շնորհվում են տասնմեկ անվանակարգում։ Դրանք են «Տարվա լավագույն քաղաքական գործիչ», «Տարվա լավագույն իրավապաշտպան», «Լավագույն բիզնեսմեն», «Լավագույն բարերար», «Լավագույն լրագրող», «Լավագույն մարզիկ (ֆեդերացիա)», «Լավագույն նախագիծ»,  «Լավագույն ընկերություն», «Լավագույն Բրենդ», «Լավագույն հեռուստածրագիր» և «Ոսկե մագաղաթ» մրցանակները։

Մրցանակակիրները որոշվել են հարցման արդյունքում։ Վրաստանում մեծ հեղինակություն վայելող «ՋԻ-ՍԻ-ՋԻ» խորհրդատվական-վերլուծաբանական խմբի 100 փորձագետներ հարցում են կատարել 2157 մարդու շրջանում և դրա արդյունքում որոշել են այն երջանիկներին, ովքեր կդառնային «ՋԻ-ԷՅՉ-ԷՆ»-ի 2016 թվականի դափնեկիրները։   Ասենք, որ այդ միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն էին Վրաստանում բավականին մեծ հեղինակություն վայելող մի շարք ԶԼՄ-ներ։ Մասնավորապես,՜«Ֆորում» ռադիոկայանը, «Վերսիա», «Քարթլիս սիտղվա» («Վրաստանի խոսք») թերթերը և այլ պարբերականներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Թբիլիսիում այդ մրցանակի հանձնման արարողությունն անցավ ջերմ մթնոլորտում, վերածվեց հայ-վրացական բարեկամության նոր դրսևորման։

Մինչ կսկսվեր մրցանակների հանձնման արարողությունը, «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը  ի նշան երկարամյա համագործակցության և բարեկամության  «ՋԻ-ԷՅՉ-ԷՆ» գործակալության գլխավոր խմբագրին հանձնեց «Բարեկամության աստղ»:

-Այսօր մենք հանձնում ենք «Ոսկե մագաղաթ» մրցանակը և շատ ուրախ եմ, որ հոբելյանական՝ թվով տասներորդ, մրցանակը հանձնում ենք եղբայրական Հայաստանի ներկայացուցչին՝ «Արմենպրես»-ի տնօրեն  Անանյանին,- ասաց «ՋԻ-ԷՅՉ-ԷՆ» գլխավոր խմբագիր Թեմուրի Ճումբարիձեն։ - Մենք մեր բարեկամ գործակալությանը մաղթում ենք նորանոր հաջողություններ ու նաև հորդորում ՝  միշտ պահպանել  այն բարձր նշաձողը, որ հատուկ է  «Արմենպրես»-ին։

«Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ընդունելով մրցանակը,  շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար, նշեց, որ այդ մրցանակը ոչ միայն արմենպրեսականներինն է, այլև բոլոր հայ լրագրողներինը, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով նպաստում են հայրենիքի բարգավաճմանը, Հայոց պետականության կայացմանը, իհարկե, հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորացմանը։

Երկու գործակալությունների ստեղծագործական կապերն ամրապնդվում են:

Լևոն Ազրոյան

Թբիլիսի- Երևան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]