Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անցնող տարվա կարևոր մշակութային իրադարձությունները. «Արմենպրես»-ի հետահայացը

Անցնող տարվա կարևոր մշակութային իրադարձությունները. «Արմենպրես»-ի 
հետահայացը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանյան մշակութային կյանքը 2016-ին լի էր բազմաբնույթ իրադարձություններով: «Արմենպրես»-ն ընթերցողների համար առանձնացրել է մշակութային դաշտում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները:

Առաջին անգամ անցկացվեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը

Ապրիլի 24-ին մեկնարկեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մրցանակներ շնորհվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:

«Ավրորա» մրցանակը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով եւ դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարած մարդկանց պարգեւատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձեւավորել համաշխարհային մարդասիրական նոր շարժում։

Այդ առիթով Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը և հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունին, որը համաժողովի համանախագահն էր:

Մրցանակը հանձնվեց Մարգարեթ Բարանկիցեին, որը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է փրկել,  խնամել որբերին եւ փախստականներին:

Հանրային ռադիոն նշեց իր 90-ամյակը

Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Հանրային ռադիոյի հարակից տարածքում՝ «Նվիրյալների արահետում», բացվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Նառա Շլեպչյանի, Ռուբեն Մաթևոսյանի և այլ աշխատակիցների անվանական տախտակներ, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանը:

 Հանրային հեռուստատեսությունը դարձավ 60 տարեկան

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը նշեց իր 60-ամյա հոբելյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների պարգևատրեց մեդալներով և պատվավոր կոչումներ շնորհեց:

Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը երախտավորներին հանձնեց պետական բարձր պարգևները, շնորհավորեց հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ:

ՀՀ մշակույթի նախարար նշանակվեց Արմեն Ամիրյանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիր ստորագրեց: Նորանշանակ նախարարի աջակցությամբ թատրոններում և օպերայում նոր ներկայացումներ բեմադրվեցին: Նա բազմաթիվ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Տոսկայի» պրեմիերան: Ներկայացման բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն: «Տոսկա»-ն ավելի քան մեկ դար ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: Այն մեծ խանդավառությամբ է ընդունվել, հատկապես, Իտալիայում:

Վերանորոգումից հետո արվեստասերների առաջ իր դռները բացեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները երեք տարի տևեցին, և այն բացվեց ս. թ. նոյեմբերի 8-ին: Թանգարանը համապատասխանեցվեց ժամանակակից պահանջներին ու ապահովվեց անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուների բարձրակարգ սպասարկման և գիտական ու կրթական ծրագրերի իրականացման համար: Կատարված աշխատանքը բարձր գնահատեցին երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները:

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը դարձավ   75 տարեկան 

Թատրոնի 75-ամյակին նվիրված նոյեմբերի 18-ի տոնակատարությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հանրապետության նախագահը շնորհավորական խոսք հղեց հոբելյանի առթիվ՝ ընդգծելով, որ թատրոնի յուրահատուկ և մշտական այցեքարտը սուր հումորն ու երգիծանքն է: Սերժ Սարգսյանը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևատրեց պետական պարգևներով:

Արցախում մշակույթի գործիչները հանդիպեցին ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպեց Արցախում գտնվող ՀՀ մշակույթի գործիչների հետ: 

Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրեց ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանեց մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսեց ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները:

ՀՀ մշակույթի գործիչները հանդիպում ունեցան նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգման աշխատանքներից հետո «Պեպո» ներկայացմամբ իր դռները բացեց թատրոնի երկրպագուների առաջ

Դեկտեմբերի 13-ին «Պեպո»-ի առաջնախաղով թատրոնն 94-րդ թատերաշրջանը բացեց՝ նոր տեխնիկայով վերազինված: Ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Բեմադրությունն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն է:

Անցկացվեցին մի շարք հետաքրքիր փառատոններ 

Հայաստանի մշակութային դաշտը ակտիվացրեցին «Ոսկե ծիրան», «Ֆրեսկո», «ՌեԱնիմանիա», «Ռոլան» կինո և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնները:

Քիչ չէին նաև թատերական փառատոնները՝ «Հայ ֆեստ», «Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոն», «Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոն»:

Նշանակալի էին երաժշտության բնագավառում աշխուժություն առաջացրած «Արամ Խաչատրյանի անվան» և «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնները: Իր աշխատանքները հաջողությամբ շարունակեց «21-րդ դարի հեռանկարներ» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը:

Այս միջոցառումների ժամանակ Հայաստանը հյուրընկալեց աշխարհի տարբեր ծայրերից ժամանած բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր, ելույթներին զուգահեռ, անցկացրեցին վարպետության դասեր, ունեցան հանդիպումներ արվեստասեր հասարակայնության հետ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]