Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Չի կարելի որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն առանց իր մասնակցության. Կազիմիրովի հարցազրույցը «Արմենպրես»-ին


ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա խնդիրների,  լուծման հեռանկարների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է  Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի ԼՂ հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ:

-Պրն Կազիմիրով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ ակնկալիքներ կային դեռեւս այն ժամանակներից, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էիք: Արդյո՞ք կոնֆլիկտի սառեցումը վաղ թե ուշ չէր բերելու եւս մեկ բախման:

-1996 թվականի ամռանը թողնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի պաշտոնը՝ ես դեռ հույս ունեի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կլինի: Մի կողմից թվում էր՝ նախորդ տարիների կարգավորման դինամիկան կորսված չէ, իսկ մյուս կողմից առաջացավ Լիսաբոնի փակուղին (Լիսաբոնի գագաթնաժողով, 1996 թվական-հեղ.), սակայն նոր համանախագահությունը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի մասնակցությամբ նոր հույսեր ունենալու տեղիք էր տալիս:  Այդ ժամանակ քչերը կարող էին կանխագուշակել, որ հակամարտության երկարաժամկետ սառեցում կլինի՝ լի բազմաթիվ միջադեպերով, չնայած միջադեպերն ու բախումներն արդեն իսկ կանխորոշված էին, երբ  Բաքուն հրաժարվեց հետ քաշել զորքերը շփման գծից անմիջապես հրադադարի հասնելուց հետո: 

-Տարիների ընթացքում, բացի քաղաքական ֆիգուրներից, կարծես թե ղարաբաղյան հարցում որեւէ բան չի փոխվել, ավելին՝ սցենարը նույնությամբ կրկնվում է, ինչին մենք ականատես եղանք ապրիլին: Ինչո՞ւ:

- Կարծում եմ՝ բացի դեմքերից, պարբերաբար մասնակիորեն փոփոխության են ենթարկվել  միջնորդների մոտեցումները կարգավորման առանձին խնդիրների լուծման վերաբերյալ: Այնուամենայնիվ, համարյա անփոփոխ են մնացել հակամարտության կողմերի կոշտ դիրքորոշումները, կա կառուցողականության պակաս:

-Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ ինչքանո՞վ էր այն սպասելի եւ ինչո՞վ էր  պայմանավորված՝ ըստ Ձեզ:

- Ապրիլյան ռազմական գործողությունները դժվար թե սպասելի էին այս մասշտաբով: Այնուամենայնիվ, այն պայմանավորված էր Բաքվի իշխանությունների ձգտմամբ՝ ամեն կերպ ցույց տալու, որ չեն հաշտվում 1991-1994 թվականների պատերազմի արդյունքների հետ:

-Պրն Կազիմիրով, թեպետ բազում հայտարարություններ արվեցին ապրիլյան դեպքերից հետո, սակայն հստակ չնշվեց, թե որ կողմն էր նախահարձակ եղել: Չեք կարծո՞ւմ, որ դա կարեւոր է:

-Արդարացված չէ նման իրավիճակներում նույնիսկ միջնորդների, պետական եւ քաղաքական առաջնորդների ձգտումը մնալ չեզոք, իսկ առավել եւս մամուլի: Հազիվ թե ինչ-որ մեկը չէր հասկանում, թե ինչպես սկսվեց ապրիլյան պատերազմը, նույնիսկ եթե չէր խոսում դրա մասին: 

-Շատ կարճ ժամանակ համեմատաբար հանդարտ լինելուց հետո Ադրբեջանը վերջերս կրկին գնում է դեպի իրավիճակի սրման, ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ Ադրբեջանը կրկին չի սանձազերծի եւս մեկ հարձակում:

-Դրան պետք է պատրաստ լինեն եւ՛ լրագրողները, եւ՛ համանախագահները:

-Համանախագահները բազմիցս կրկնել են եւ շարունակում են կրկնել, որ հարցի լուծումը քաղաքական է, լուծվելու է խաղաղ ճանապարհով, սակայն ավելի քան 20 տարի իրավիճակը հակառակն է ապացուցում, այսքան տարիների ընթացքում միեւնույնն է Ադրբեջանի դիրքորոշումը այդքան էլ չի փոխվել, ի՞նչ եք կարծում այս առումով:

- Կարծում եմ՝  համանախագահների դատողություններն այս առումով ճիշտ են: Բաքվի  անհագուրդ ցանկությունը բանակցությունների ընթացքում հետ բերել այն, ինչ  նրանք կորցրել էին պատերազմի տարիներին`  ակնհայտորեն սխալ հաշվարկների պատճառով, կարող է առաջացնել միմիայն որոշակի ցավակցանք կամ կարեկցանք, սակայն ոչ համանախագահների ըմբռնողականությունը կամ հավանությունը:  Ադրբեջանի էլիտայից  ոչ այդքան քիչ ժամանակ կպահանջվի իրականությանը հասնելու համար:

-Չի բացառվում, որ առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Հաշվի առնելով, որ նախորդ հանդիպումները խնդրի լուծմանն առանձնապես որեւէ բան չեն տվել կողմերից մեկի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, ի՞նչ կարելի է այժմ սպասել հնարավոր հանդիպումից:

- Ինձ թվում է, որ նմանատիպ հանդիպումներն արժանի են աջակցության, նույնիսկ եթե գործնականում շատ քիչ բան են տալիս:

-Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ բերելը ինչ-որ կերպ ազդեցություն կունենար գործընթացի վրա:

-Դա սկզբունքայնորեն կարեւոր հարց է, ինչպես Ղարաբաղի մասնակցությունը զինադադարի, նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված փետրվարյան համաձայնագրի կնքմանը: Չի կարելի որոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն առանց իր մասնակցության, նույնիսկ եթե այդ մասնակցությունը չբերի ցանկալի արդյունքներ: 

-Պրն Կազիմիրով, ի վերջո ըստ ձեր անձնական դիրքորոշման՝  որն է այս հիմնախնդրի լուծումը եւ որոնք լուծման մեխանիզմները:

- Հավատարիմ եմ մնում այն տեսակետին, որը նախանշել էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը 1994 թվականի  ապրիլի 15-ին՝ զինադադարից մեկ ամիս առաջ:  Այդ ժամանակ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ Հեյդար Ալիեւն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ արտահայտվեցին նրան, որ պետք է անցնել ողբերգական առճակատման հետեւանքների վերացմանը ոչ թե զինադադարից, այլ միայն հրադադարի վստահելի ամրապնդումից հետո: Իսկ արդյո՞ք դա կա հիմա, որտե՞ղ է այն: Դեպի ղարաբաղյան հակամարտության լուծումը տանող ճանապարհը հենց հրադադարի վստահելի ամրապնդումն է: Առանց դրա հնարավոր չէ առաջընթաց ունենալ լուծման հարցում: 

Հարցազրույցը՝  Սյուզի Մուրադյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ