Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/42. Ամենավաճառվածների ցանկում նոր գիրք է ընդգրկվել

Երևանյան բեսթսելեր 4/42. Ամենավաճառվածների ցանկում նոր գիրք է ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:

Երկրորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

«Հուլունքախաղը» Հերման Հեսսեի վերջին մեծ վեպն է: Այն երրորդն է մեր ցանկում: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմատիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:

Ամենավաճառվածների ցուցակ է վերադարձել Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը՝ հայտնվելով չորրորդ տեղում: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Հինգերորդ հորիզոնականում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպն է: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը կրկին մեր ցանկում է: Այն վեցերորդն է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: 

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը կտրուկ զիջել է իր դիրքերը և այս շաբաթ յոթերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը, յուրաքանչյուրը  յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:

Իններորդ տեղում Լևոն Շահնուրի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպն է: Գրքում կյանքի ու մահվան նշաններն են: Հեղինակը կիրառել է բազմաթիվ ոճեր, ճարտարապետական և մաթեմատիկական պատկերներ, սյուժեն փոփոխական է, ընթացքը հաճախ հեղինակի համար էլ անակնկալ: Գրվածքն ինչ-որ տեղ անհայտ ուժինն է` քնած Ադամինը, վերջինս աչքի տակով թաքուն նայում է կնոջ մարմնին, որն արտասվելիս ամբողջովին մերկ էր ու կտոր-կտոր քարտեզագրվում էր ննջող մարմինը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը եզրափակում է մեր ցանկը: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +7

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես  26
2 +2

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 21
3 Նոր

Հերման Հեսսե

«Հուլունքախաղ»

Անտարես 15
4 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ պրինտ 10
5 -3

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 8
6 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 8
7 -6

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 7
8 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 7
9 -3

Լևոն Շահնուր

«Ճանապարհորդություն սիրուց առաջ»

Անտարես 6
10 -3

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]