Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հերոսի ծնողները». Մենք ամեն վայրկյան զգում ենք Տիգրանիս ներկայությունը

«Հերոսի ծնողները». Մենք ամեն վայրկյան զգում ենք Տիգրանիս ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերոսի ծնողները» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ ներկայացնում է Ջրականում (Ջաբրայիլ) զոհված հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի ծնողներին՝ Գոհար եւ Արամ Աբգարյաններին: Տիգրանի ծնողներին հիշում եմ դեռեւս մանկապարտեզից, դպրոցական էքսկուրսիաներից ու ծնողական ժողովներից: Տիգրանի ավագ եղբայրը՝ Ժորա Աբգարյանը դասընկերս է եղել: Շատ լավ եմ հիշում հատկապես տիկին Գոհարին՝ միշտ ժպտերես ու կենսուրախ, իսկ Տիգրանի մասին հիշողություններս սահմանափակվում են 3-րդ դասարանի դրվագներով: Հիմա էլ տիկին Գոհարը ժպտում է, երբ պատմում է Տիգրանի մասին: Ապրիլյան պատերազմում հերոսաբար ընկած մեր գյումրեցի  յոթ հերոսների անունների շարքում գրվեց նաեւ տանկիստ Տիգրան Աբգարյանի անունը: Մյուս բոլոր հերոսների նման նա ևս սեփական կյանքից գերադասեց ընկերների հետ պայքարը հանուն միասնական նպատակի՝ հայրենիքի պաշտպանության:

Տիգրանը ճարպիկ էր, համարձակ ու արագ, իր մի ժպիտով բարձրացնում էր շրջապատի տրամադրությունը. հենց այսպես են հիշում ծնողները հերոս որդուն:

«Տիգրանս մտերիմ էր բոլորի հետ: Թոռնիկներից ամենափոքրն էր, բոլորի սիրելին, ժիր ու աշխույժ: Հատկապես շատ էր կապված պապիկի հետ. երբ պապիկը շինարարություն էր անում, գնում էր, կողքը կանգնում, օգնում: Երբ պապիկը հիվանդացավ, գիշեր-ցերեկ կողքն էր պառկում, խնամում էր»,-ասում է մայրը:

Դպրոցում այբբենարանի հանդեսի համար ուսուցչուհին Տիգրանին առաջարկել էր Քաջ Նազարի դերը, բայց Տիգրանը հրաժարվել էր՝ սպասելով  հանդեսին այլ դերով ներկայանալու առաջարկի: «Տիգրանս նեղված եկավ,- շարունակում է տիկին Գոհարը,- ասաց՝ էդ դերը չեմ վերցրել, եթե ուրիշ դեր տվեցին՝ կվերցնեմ, չէ, ուրեմն, չեմ խաղա: Հաջորդ օրը դասղեկը տվեց արքայազնի դերը «Մոխրոտիկից»: Պիտի տեսնեիք, թե Տիգրանս ինչ հաճույքով հագավ այդ շորերը, խաղաց արքայազնի դերը: Դասղեկն ինձ ասաց՝ առաջին անգամ եմ տեսնում նման երեխայի, հաստատ գիտեմ՝ ինչ մարդ է դառնալու, ինչ ձգտումներ է ունենալու: Եվ, իրոք, կյանքում Տիգրանս միշտ  բարձրին էր ձգտում, միշտ լավին»:

Տիգրանը որոշում է սովորել խոհարարություն, ուսումը շարունակել Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարանում:

«Սիրում էր խոհարարությունը. ինչ սովորում էր ուսումնարանում, անպայման պետք է տանը պատրաստեր: Մեծ հաճույքով էր մտնում խոհանոց, ասում էր՝ մամ, դու ոչ մի բանի մի խառնվի,  մենակ ասա՝ որը որտեղ է: Սիրում էր աշխատել, բայց ոչ ուրիշի համար: Մի երազանք ուներ, ուզում էր սեփական գործն ունենալ: Ինքը հաշվարկում էր, թե ինչ քայլեր պետք է անի երազանքներին հասնելու համար: Մենք հացի փուռ ունեինք, գիշերն աշխատում էր, առավոտը գնում էր ուսումնարան, անպայման ուզում էր հասնել իր ուզածին, իր ձեռքով մի բան անել, ասում էր՝ պետք չէ աշխատող ընդունել, ես կաշխատեմ: Շատ արագ էր սովորում, նույնիսկ հորն ասում էր՝ թող, դու լավ չես թխում:  Տեսնում էր, թե ինչ տանջանքով ենք մենք հասնում այդ ամենին, ասում էր՝ մամ, ես չեմ թողնելու, որ դու աշխատես, դու պիտի լինես ղեկավար»:

2015 թվականի հունվարի 12-ին Տիգրանը զորակոչվում է բանակ, որտեղ շատ շուտով աչքի է ընկնում իր առաջադիմությամբ: Առաջին 6 ամիսը ծառայում է Արմավիրում, ապա տեղափոխվում Ֆիզուլի:

«Չես կարող», «Չի ստացվի» հասկացությունները խորթ էին Տիգրանիս, անում էր ամեն ինչ՝ հակառակն ապացուցելու համար: Հենց իր սկզբունքայնության շնորհիվ շատ մրցումներում բարձր տեղեր էր զբաղեցնում, պատվոգրերի արժանանում: Նույնիսկ Ֆիզուլիում անցկացված նարդու մրցումում էր պատվոգիր ստացել... Ոչ մի անգամ չի դժգոհել բանակից, մի քիչ դժվարությամբ հարմարվեց նոր վայրին, բայց շատ շուտ ընկերներ ձեռք բերեց: Ընկերներից շատերը նույնիսկ իրենից մեծ էին, մեծ եղբոր՝ Ժորայի ընկերները սկզբից Ժորայինն էին, մի քանի ամիս հետո՝ արդեն Տիգրանինը:  Դպրոցական ընկերների հետ էլ կապը միշտ պահպանում էր, բոլորին բանակ ճանապարհեց, երեւի վերջինն ինքն էր: Ասում էի՝ Տիկ ջան, տեսնեմ՝ դու ինչպես ես ծառայելու, Ժորաս ծառայեց, չեմ էլ զգացել, ժամանակն արագ է անցել: Ասում էր՝ մամ, ես իրենից ավելի լավ եմ ծառայելու,  ավելի շատ պատվոգրեր ու կրծքանշաններ եմ ստանալու»:

Հայրը պատմում է, որ որդին շատ մանրակրկիտ ուսումնասիրել է տանկի ողջ կառուցվածքը,  հրաշալի տիրապետում էր տեսական հատվածին, ինչն էլ ցույց տվեց գործնականում:

«Ասում էինք՝ տղա ջան, դպրոցի դասերդ էդքան ոգեւորված չէիր պատմում, որքան տանկի մասերը: Ում տեսնում էր, կանգնեցնում, կրկնում էր: Հրամանատարները մեզ պատմեցին,  որ Տիգրանը հիշել ու պատասխանել է մի հարցի, որը նույնիսկ չեն էլ գրել, այլ հպանցիկ հիշատակվել է, բայց Տիգրանը մտապահել է այն: Շատ էր հպարտանում իր հաջողություններով, ոգեւորվել էր, որ Ռուսաստանում մասնակցելու է տանկային բիաթլոնի մրցումներին»:

Ապրիլի 2-ին ծնողներն իմանում են Արցախում տիրող լարված իրավիճակի մասին, սակայն Տիգրանի հետ կապ հաստատելուց հետո մի փոքր հանգստանում են, քանի որ Տիգրանը վստահեցրել էր՝ իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է:

«Ամսի 2-ին զանգեց, ասացի՝ տղա ջան, ինչ կա, իմացել եմ էդ վիճակի մասին, ասաց՝ մամ, ինչ վիճակ, ոչ մի բան էլ չկա: Ինչ իմանայի, որ Տիգրանս արդեն կռվի մեջ էր: Էնքան  բարձր տրամադրությամբ խոսեց, որ նույնիսկ մտքովս չանցավ, ասաց՝ մամ, տրամադրությունդ բարձր պահիր, ամեն ինչ լավ է լինելու»:

Ապրիլի 3-ին Տիգրանն արդեն զանգահարում է եղբորը եւ ընկերներին: Հայրը հպարտությամբ ու մեծ ոգեւորությամբ է պատմում 321-րդ տանկի անձնակազմի մյուս հերոսներ Բենիամին Եղոյանի եւ Վլադիմիր Ալիխանյանի հետ հերոս որդու կատարած սխրագործության մասին:

«Բացի նրանից, թե ինչ յուրահատուկ արհեստավարժությամբ է կարողանում վարել տանկը, թե ինչպես են երկու օրվա ընթացքում ոչնչացնում հակառակորդի 3 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա, մի քանի զինվորի, նրանք նաեւ հոգեպես են կոտրում թշնամիներին՝ վայր գցելով նրանց դրոշը: Դա ամենամեծ բանն է… Դրա համար Տիգրանենց տանկն առել են նշանառության տակ»:

Ծնողների հուշերը…

Հիշողություններ, որոնք ապրեցնում են. տիկին Գոհարի խոսքով՝ դրանք կապված են թե՛ տան, թե՛ աշխատավայրի հետ:

«Արհեստագործական ուսումնարանում, որտեղ ինձ աշխատանքի ընդունեցին, կա Տիգրանիս նվիրված մի անկյուն: Օրս սկսում եմ որդուս բարեւելով, աշխատանքից դուրս եմ գալիս, չեմ էլ զգում՝ ինչպես եմ տուն հասնում, կարծես Տիգրանիս հետ խոսում եմ, քայլում, ամեն վայրկյան իմ կողքին է տղաս: Ամեն երեխայի մեջ փնտրում եմ Տիգրանիս, ապագայում էլ թոռնիկներիս մեջ եմ փնտրելու նրան, մտածում եմ՝ տարիներն անցնեն, հնարավոր է մի բան գտնեմ, զգում եմ, որ այդպես էլ լինելու է: Ավելի լավ է՝ պատկերացնեմ, որ Տիգրանս դեռ ծառայում է, հեռու է, դեռ կգա, քան թե հաշտվեմ այն մտքի հետ, որ էլ չի գալու: Հենց այդ հույսն է, որ կա, չի մեռնում»,-ասում է տիկին Գոհարն ու հիշում նախորդ տարվա դեկտեմբերի 12-ը, երբ Տիգրանը արձակուրդ էր եկել:

«Անակնկալ էր ուզում մատուցել, չէր ասել, որ գալու է: Իր սովորության համաձայն՝ եկավ, դուռը բացեց, ուշադիր նայեց դեմքերիս՝ տեսնելու, թե մեզնից ով է անտրամադիր, որ գար գրկեր ու տրամադրությունը բարձրացներ: Առաջինը եկավ ինձ գրկեց, և առաջին անգամ Տիգրանիս աչքերին նկատեցի արցունքներ. հուզվել էր: Տիգրանիս ուրախությունն է, որ պակասել է մեր տնից, ամեն վայրկյան դա ենք փնտրում»,- նշում է տիկին Գոհարը:

Տիգրանի ծնողներին այցելում են հրամանատարները, ընկերները, պատմում դեռ անհայտ մնացած, որդու կերպարն էլ ավելի լիարժեք դարձնող դրվագներ: Շատ զանգեր են ստացել սփյուռքից, ինչը, Տիգրանի հոր խոսքով, շատ ոգեւորիչ է: Ծնողները մշտապես կապ են պահպանում նաեւ գյումրեցի մյուս հերոսների, ինչպես նաեւ տանկի անձնակազմի ընտանիքների հետ: Տիգրանի հոր՝ Արամի խոսքով՝ որդու նկատմամբ ծնողների հպարտությունը ապրիլյան պատերազմի սխրագործությամբ չէ, որ արտահայտվելու էր. որդին դրա համար բազում առիթներ էր ստեղծել:

«Ինքը մենակ մեր տան ուրախությունը չէր, ինքն իր շրջապատի ուրախությունն էր նաև, բարեկամների, հարազատների. որտեղ նա լիներ, ուրախություն էր տիրում, ընկերներն էլ են դա փաստում: Մենք ամեն վայրկյան զգում ենք Տիգրանիս ներկայությունը, ամեն ինչ իր հետ կապում: Հիշում ենք՝ Տիգրանը սա այսպես կաներ, այս իրավիճակում այսպես կվարվեր: Հիշում ենք հումորները՝ հատկապես եղբոր հետ. երբ Ժորան լուրջ-լուրջ դեմքով տուն էր մտնում, անպայման մի հումոր պիտի աներ: Հիշում ենք, որ անձրեւային եղանակներին Տիգրանն ամեն ինչ կաներ կոշիկի ծայրն անգամ չցեխոտելու համար: Նա կարծես միշտ այստեղ է, պարզապես ֆիզիկապես մեզ հետ չէ: Տիգրանս կյանքի գնով պաշտպանել է այն հողը, որի վրա 1992 թվականից շատ շատերի արյունն է թափվել»:

«Ամեն ինչի տակից դուրս կգամ, կհաղթահարեմ»,-տիկին Գոհարը հիշում է Տիգրանի այս խոսքն ու ասում.

«Ես ամեն օր հիշում եմ իր այդ խոսքը, որ ամեն ինչի տակից դուրս կգա, որ միշտ հաղթող կլինի… Ամեն օր ապրում եմ իր այդ խոսքով»: 

Սյուզի Մուրադյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]