Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. 2016-ը՝ տագնապների և հույսերի տարի

Արտաշես Գեղամյան. 2016-ը՝ տագնապների և հույսերի տարի

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (ՀՀ ԱԺ ԱՀՄՀ) և Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով ՌԴ Պետական դումայի կոմիտեի (ԱՊՀ գծով ՊԴԿ) համատեղ նիստեր անցկացնելու լավ ավանդույթ է ձևավորվել։

Ընթացիկ տարվա նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների առաջին հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի արդեն անդամ-գործընկերների հետ։ Համատեղ նիստի  ընթացքում տեղի ունեցավ կարծիքների հանգամանալի փոխանակում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որոնք առնչվում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ամենատարբեր կողմերին։ Հատուկ ուշադրություն հատկացվեց այնպիսի հարցերի, ինչպիսին են՝ Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ հայ-ռուսական երկկողմանի և ՀԱՊԿ-ում համատեղ ջանքերի շրջանակներում, ի շահ կայուն և խաղաղ զարգացման։ Համատեղ նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր ասպեկտները միջազգային հարթակներում՝ ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեա, ՀԱՊԿ ԽՎ, Միջխորհրդարանական միություն, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՍԾՏՀ ԽՎ և այլն։ Կայացած քննարկման արդյունքում ընդունվեց Համատեղ հայտարարություն, որում նշվեցին մեր աշխատանքի հիմնական ուղղությունները 2017 թվականի համար և ավելի հեռուն նայող հեռանկարները։ Եվ հիմա՝ մեկ ամիս անց, ս.թ. դեկտեմբերի 22-ին, Երևանում տեղի կունենա ՀՀ ԱԺ ԱՀՄՀ-ի և ԱՊՀ գծով ՊԴԿ-ի համատեղ նիստը։ Որպես առաջիկա նիստի զեկուցողներից մեկը՝ ակամա մտածեցի այն մասին, թե ինչ նոր բան կարելի է ավելացնել նրան, ինչն արդեն իր արտացոլումն է գտել համատեղ նիստում ընդունված և բանիմաց կերպով ձևակերպված ամփոփիչ փաստաթղթում։ Խորհրդածելով սրա շուրջ՝ եկա մեր թերացումների մասին եզրահանգման, Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների համագործակցությունում ներկա բավական բարդ միջազգային իրավիճակին համարժեք ռազմավարության մշակման առումով։ Ընդ որում, նշեմ, որ բնավ չնվազեցրի «կրկնությունը գիտության մայրն է» ճշմարտության իմաստը։ Մենք, թերևս, դասեր չենք քաղել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համաժողովներում հակառուսաստանյան բանաձևերի և հռչակագրերի ընդունման տագնապալի գործելակերպից։ Նման եզրահանգում անելու համար ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը լիակատար բարոյական իրավունք ունի։ Ընթերցողներին հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությունը 2015թ. հուլիսին բոյկոտել էր ԵԱՀԿ ԽՎ ամառային խորհրդաժողովը, որը զուգադիպել էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին։ Այդ խորհրդաժողովի նախօրեին Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Սերգեյ Եվգենևիչ Նառիշկինը հանդես եկավ կոշտ և, միևնույն ժամանակ, արդարացի հայտարարությամբ, որը դատապարտում էր Ռուսաստանի պատվիրակության որոշ անդամների մուտքի վիզա չտրամադրելու փաստը։ Չէ՞ որ Ռուսաստանը, լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը, ԵԱՀԿ-ի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր, իսկ եթե արդարացի լինենք՝ գլխավոր նախաձեռնողը, և վիզաներ տրամադրելուց հրաժարումը, իմ կարծիքով, միանգամայն համարժեք պատասխան-բոյկոտ ստացավ ամբողջ պատվիրակությունից, այսինքն՝ խորհրդարանականներից, որոնք ներկայացնում էին ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Հիշեցնեմ նաև, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հելսինկյան հռչակագրի ընդունման ժամանակ (2015թ.) այդ կազմակերպության 56 անդամ երկրների ավելի քան 300 պատվիրակներից միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը (Արտաշես Գեղամյան) դեմ քվեարկեց Հելսինկյան հռչակագրի ընդունմանը, որը պարունակում էր հակառուսական բազմաթիվ կետեր և ձևակերպումներ։ Կարևոր եմ համարում նաև նշել, որ այդ հռչակագրի ընդունման քվեարկությունը տեղի ունեցավ հենց նրա պնդմամբ, քանի որ ԵԱՀԿ ԽՎ եզրափակիչ նիստը նախագահողը հայտարարեց, թե Հռչակագիրն ընդունվում է միաձայն։ Նման պատկեր, գրեթե նույնությամբ, կրկնվեց նաև մեկ տարի անց, ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիում անցկացվող ամառային խորհրդաժողովում։ Արդեն Թբիլիսյան հռչակագրի (2016թ.), որը նույնպես լի էր հակառուսական բազմաթիվ ձևակերպումներով և կետերով, ընդունման դեմ քվեարկեց 4 պատգամավոր. 3-ը՝ ՌԴ ԴԺ-ից և հայկական պատվիրակության ղեկավարը։ Այստեղ ուզում եմ հատկապես ընդգծել հետևյալը. դեմ քվեարկելով 2015-2016թթ. Հռչակագրերի ընդունմանը, որոնցում հակառուսական ձևակերպումներ կային, ես նախևառաջ հանդես եմ եկել որպես Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն է։ Այսինքն՝ ես եղել եմ Հայաստանի նախագահի՝ մեր դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների անշեղ կատարման անհրաժեշտության մասին սկզբունքային դիրքորոշումն անցկացնողը՝ միևնույն ժամանակ հստակ հասկանալով, թե այդ բանաձևերի հեղինակների շրջանում ինչ բացասական արձագանք կարող է առաջացնել Հայաստանի այդքան սկզբունքային դիրքորոշումը։ Չեմ թաքցնի, որ անձամբ ես լիովին պաշտպանում եմ Սերժ Ազատի Սարգսյանի նման դիրքորոշումը և այդ մասին հայտարարում եմ բարձրաձայն։ Տեղին եմ համարում նշել, որ Հայաստանն ահա արդեն 23 տարի (1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո) գտնվում է Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի մեջ։ Մեր երկրի ղեկավարի համար, որն անցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմի ողջ քուրայով, իր դաշնակցային պարտականությանը հավատարմության մասին պատկերացումները հատուկ նշանակություն ունեն, իսկ Հայաստանի համար դրանք միանգամայն նոր իմաստ ստացան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված ապրիլյան (2016թ.) քառօրյա պատերազմից հետո։ Իր դաշնակցային պարտավորություններից նահանջելը, անգամ թվում է թե ամենաաննշան հապաղումը դրանց կատարման հարցում խաղաղության ցանկացած սպառնալիքի հանրային գնահատման մեջ, ինչպես ցույց տվեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, կարող են հանգեցնել հարյուրավոր մարդկային (ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակիչների) կյանքերի կորստի։ Եվ մեզ երբեք չի մխիթարում այն փաստը, որ ադրբեջանական կողմի կորուստները հնգապատիկ գերազանցել են մեր կորուստները։ Մարդիկ են զոհվել...

Բայց հիմա հարցն այլ բանի մասին է. ինչո՞ւմ ենք մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված խորհրդարանականներս, թերացել։

Եվ ահա, ցավով պետք է փաստեմ, որ վերջին չորս տարիներին ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակները ԵԱՀԿ ԽՎ-ում իրենց համատեղ աշխատանքը կառուցում էին հիմնականում այն նպատակով, որպեսզի մշակվի միասնական դիրքորոշում ԵԱՀԿ ԽՎ քննարկմանը ներկայացվող բանաձևերի նախագծերում պարունակվող բացասական կետերն ու քննադատությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ ըստ էության, ԵԱՀԿ մեր գործընկերները մեզ թելադրում էին մեր օրակարգը, որն էլ պայմանավորում էր մեր աշխատանքը, պայմանականորեն ասած՝ հետևյալ նշանաբանով. արդարացե՛ք և պաշտպանվե՛ք։ Իհարկե, ցավալի է խոստովանել սա, բայց սա է ճշմարտությունը։ Ցավալի է, որ մեր՝ ՀԱՊԿ անդամների կողմից ոչ մի հարց չի մտցվել ԵԱՀԿ ԽՎ քննարկման համար, որն ակտուալ նշանակություն ունենար ԵԱՀԿ տարածքում խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Վերցնենք թեկուզ Ռուսաստանի, անձամբ նրա նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը Սիրիայի քիմիական զինաթափման ուղղությամբ (2013թ. հոկտեմբեր)։ Հիշեցնենք, որ Սիրիան քիմիական զենքից զրկելու ռուսաստանյան առաջարկն արվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունից հետո, որն ասաց, թե միայն Սիրիայի քիմիական զինաթափումից հետո կարող է կանխել այդ երկրին հարվածը։ Էլ չեմ ասում այն մասին, թե Մեծ Մերձավոր Արևելքի երկրների համար, որոնցից շատերը ԵԱՀԿ անդամ են, ինչ աղետի կարող էր վերածվել քիմիական զենքի օգտագործումը։ Մտաբերում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ բանաձևերի նախագծերից մեկի քննարկման ժամանակ, երբ հերթական անգամ դեմոնացվում էր Ռուսաստանի դերը ԵԱՀԿ տարածքում, ես ստիպված եղա հիշեցնել գործընկերներիս ռուսաստանյան դիվանագիտության այդ վճռորոշ հաջողության մասին, որն այդպես էլ արժանի ճանաչում չստացավ, չարժանացավ հավանության և երախտագիտության։ Ավելին, ես կարծիք հայտնեցի, որ Սիրիայի քիմիական զինաթափման համար Խաղաղության Նոբելյան մրցանակը պետք էր շնորհել նրա իսկական հեղինակին և կատարողին՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ ոչ թե ՄԱԿ փորձագետների խմբին, որն իրականացրել էր այդ աշխատանքի տեխնիկական մասն ու մոնիթորինգը։ Եվ այս պարագայում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որն արտահայտեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, չստացավ պատշաճ աջակցություն ՀԱՊԿ գործընկերների կողմից։ Կարելի է այլ օրինակներ էլ բերել, երբ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների՝ համաշխարհային հանրության կողմից պահանջարկ վայելող նախաձեռնությունները պատշաճ շարունակություն չեն ստանում միջազգային խորհրդարանական համաժողովներում, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԽՎ-ում։ Չէ՞ որ քիչ չեն այն նախաձեռնությունները, որոնք առաջարկել են Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն, և որոնք ուղղված են վստահության միջոցառումների ամրապնդմանն Արևելքի և Արևմուտքի միջև, ԵԱՀԿ անդամ պետությունների միջև համագործակցության և անվտանգության հետագա խորացմանը։ Էլ չեմ ասում միջազգային համագործակցության հարցերում եզակի այն փորձի մասին, որը կուտակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Չէ՞ որ արժե, թերևս, մեկ անգամ խորհել այն մասին, որ Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկը, խորքային բարեկամական հարաբերություններ է պահպանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ ողջ աշխարհին ցույց տալով Քրիստոնեության և Իսլամի իսկական արժեքների խոր ներդաշնակության օրինակ։ Կամ վերցնենք, օրինակ, Հայաստանի Հանրապետության լավ հարաբերությունները Եվրամիության երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, արաբական արևելքի երկրների հետ։ Ուրեմն, ինչո՞ւ մեր տագնապալի ժամանակներում բացառիկ պահանջված այդ փորձը չդարձնել իմաստավորման առարկա ԵԱՀԿ ԽՎ առաջիկա՝ գարնանային (2017թ.) խորհրդաժողովում, ինչո՞ւ ՌԴ Դաշնային ժողովի մեր գործընկերներն այս հարցը չդնեն օրակարգում։ Չէ՞ որ նման բացառիկ դերում հայտնված Հայաստանն իրավամբ կարող է երախտագիտություն հայտնել դաշնակիցներին և ՀԱՊԿ գծով գործընկերներին այս հարցում ցուցաբերվելիք համերաշխության համար։ Որպեսզի իմ առաջարկն ընկալվի որպես Հայաստանի ղեկավարության դիրքորոշում, մեջբերում կատարեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015թ. մարտի 19-ի ելույթից «Արարատի ստորոտին» երևանյան միջազգային համաժողովում, որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ելույթի անկյունաքարը, առանցքը այն պնդումն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես հիմնվել է տարբեր համակարգերի փոխլրացյալության, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա. «Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ… Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր  գործընկերությունն (ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև) այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա..., Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ..., Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով..., Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարևանության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար..., Լինելով եվրոպական ընտանիքի և քաղաքակրթության լիարժեք անդամ և մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ և մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում»։ Հայաստանի օրինակը Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների կենսունակության վառ դրսևորումն է նույնիսկ Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի պայմաններում։ Չէ՞ որ հավաքական բանականության դրսևորման իմաստությունը ոչ միայն և ոչ այնքան ԵԱՀԿ մեկ-երկու անդամ պետության ագրեսիվ դրսևորումները դատապարտելու, որքան այդ քաղաքականությանը ԵԱՀԿ պետությունների միջև համագործակցության օրինակներ հակադրելու մեջ է՝ հանուն խաղաղության պահպանման, երբ ագրեսիվությունը կհավասարեցվի ոչ միայն սառը պատերազմի, այլև խավար միջնադարի արխայիկ մնացուկներին։

2016-ը, իրավամբ, տագնապների և հույսերի տարի էր, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հանրության համար։ Կարծում եմ, որ 2017-ին ԵԱՀԿ տարածքում և ամբողջ Երկիր մոլորակում խաղաղության և անվտանգության պահպանման հույսերի մարմնավորումը կդառնա յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր պետության քաղաքակրթվածության աստիճանի չափանիշը։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]