Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 15.12.2016

Սպասվող լրահոս. 15.12.2016

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ կապված ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. ռազմավարության հետ: Նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի, միջազգային, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցություն:

Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ՀՀ կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում: Կառավարության նիստի մեկ այլ հարցով էլ Բնապահպանության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ կմիավորվեն:

Հանրային խորհրդը քննարկում է  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթը: Այն մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կմասնակցեն Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ արդարադատության պատասխանատուներ, ոլորտի փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները շարունակվում են: Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը  կամփոփի 2016թ. ընթացքում կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, անդրադարձ կկատարի առաջիկա ծրագրերին:

ԵՊՀ-ում տեղի կունենա գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:  Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել և արժևորել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Եվս մեկ միջոցառում ԵՊՀ-ում:  Այսօր կանցկացվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 6-րդ նիստը, որին կնախորդի  համալսարանի վերանորոգված սպորտհամալիրի և նոր հյուրատան բացման արարողությունը:

Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի քննարկում «Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար: Պայքար խտրականության դեմ» թեմայով: Ներկա կլինեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչ Պալյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կկայանա Ստաս Նամինի «Ռոքնռոլի ազատությունը» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Դրանից բացի, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էլ Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուշկինի պատմվածքների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա արվեստաբանության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանի «Հոդվածներ արվեստի մասին» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նվիրված է հայկական կերպարվեստին, մասնավորապես՝ 20-րդ դարի 70-90-ական թվականների անվանի արվեստագետներին, երիտասարդ նկարիչներին, այդ տարիներին անցկացված հանրապետական ցուցահանդեսներին: Հեղինակը ներկայացրել է նաև արտասահմանյան կերպարվեստի մի քանի վարպետներին նվիրված հոդվածներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]