Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների առցանց ակադեմիա. 
ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության Ինֆորմատիկայի պետական քոլեջում դեկտեմբերի 14-ին ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի», «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և ՀՀ ԿԳՆ «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» միջև: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում սույն հուշագրի ստորագրումը հիմք է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունների ուսուցման  որակի բարձրացման, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության հետ համատեղ նոր կրթական ծրագրերի մշակման ու իրականացման համար:

«Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ ունենալու առաջին նախապայմանը կրթական հաստատություններում այս ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումն է: Ոլորտի միջազգային ընկերությունների հետ համագործակցության միջոցով մենք կկարողանանք միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ կրթական միջավայր ստեղծել մեր ուսանողների համար՝ խրախուսելով նաև առցանց գիտելիք ստանալու, ինչպես նաև ՏՀՏ կիրառության անվտանգության սկզբունքներին հետևելու մշակույթը Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տնօրեն Արտակ Պողոսյանը:

Համատեղ ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» կողմից  Տեղեկատվական Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիայի հիմնում, որը կարող է խթանել համակարգչային գիտելիքների և հմտությունների զարգացմանը և ժամանակակից  աշխատաշուկայի ձևավորմանը:

«Առցանց դասընթացները վաղուց իրականություն են և ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից: Սակայն դրանք հիմնականում անգլալեզու, վերջին շրջանում նաև ռուսալեզու ռեսուրսներ են: Կարծում եմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը և համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտա ունենալ նաև հայալեզու օնլայն դասընթաց, որից կարող են օգտվել ոչ միայն մեր քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները»,-  ընդգծեց «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը:

«Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը ևս վստահ է, որ համատեղ կրթական ծրագրերը հիմք կնախապատրաստեն ոլորտի կրթական զարգացման ու ավելի ծավալուն ծրագրերի իրականացման համար:

«Սոֆթլայն ընկերությունը կարևորում է ՏՀՏ ոլորտում ընդհանուր իրազեկվածությունը, ինչպես նաև ՏՀՏ կիրառման անվտանգության վերաբերյալ գիտելիքի տարածումը թե՛ կրթության ոլորտում, թե՛ գործարար շրջանակներում: Մենք համոզված ենք, որ միայն գրագետ ՏՀՏ քաղաքականությամբ կարելի է միջազգային չափանիշներով մրցունակ բիզնես, կրթական համակարգ և պետություն ունենալ»,- շեշտեց Հարությունյանը: 

Հուշագրի ստորագրումը խթանելու է կրթական ոլորտում ՏՀՏ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը, այս ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացը՝նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը որակյալ կրթության միջոցով: Հուշագիրը երկու կողմերի համար այս ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման հիմք է հանդիսանալու:

 «Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի:Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է սերտիֆիկատ՝ հավաստելով քոլեջի համապատասխանությունը կառավարման որակի միջազգային ստանդարտներին: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում սովորում են շուրջ 800 ուսանողներ:

«Սոֆթլայն» ընկերությունը լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում հայտնի միջազգային ընկերություններից է, որն առաջատար է հատկապես ԱՊՀ երկրներում: Հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 1000 ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Ստեղծվել է 1993թվականին, իսկ հայաստանյան մասնաճյուղը բացվել է 2008թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]