Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 14.12.2016

Սպասվող լրահոս. 14.12.2016

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սկսվում են նախարարությունների, տարբեր գերատեսչությունների տարեկան ամփոփիչ ասուլիսները: Այսօր` դեկտեմբերի 14-ին, ընթացիկ տարվա կատարված աշխատանքները կամփոփի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա կամփոփի 2016թ. ընթացքում ծառայության կողմից իրականացված աշխատանքները, կներկայացնի կենսաթոշակների և ծննդյան, խնամքի նպաստների վիճակագրություն, տարվա ընթացքում կատարված  օրենսդրական փոփոխությունները և դրանց ազդեցությունը:

ՀՀ ԿԳՆ  Ինֆորմատիկայի պետական քոլեջում  կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի նպաստել կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների  արդյունավետ կիրառման և այդ ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացին:

Երևանում տեղի կունենա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա կլինեն  նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Երեկոյի ընթացքում «Հույսի կամուրջ»-ը հաշվետու կլինի իր՝ 20 տարիների կատարած աշխատանքի համար: 

Քանի որ Ամանորը սարերի հետևում չէ, հետևաբար սկսվում են քննարկումները տոնական թեմայի շուրջ: Այսօր լրագրողների հետ կհանդիպեն հոգեբան Նաիրա Վանյանը և սննդաբան Հասմիկ Աբովյանը: Ամանորին ընդառաջ նրանք կանդրադառնան  տոնական ուտեսներից  ճիշտ օգտվելու մշակույթին, տոնական օրերին անկանոն սնվելու հնարավոր  հետևանքներին և հետ տոնական հոգեբանական խնդիրներին: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ կանդրադառնա ամանորյա թանկացումներին, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված հիմնախնդիրներին:

Հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր ծննդյան 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ՝ դեկտեմբերի 14-20-ը կանցկացվեն Ստաս Նամինի ստեղծագործական օրերը: Նկարիչների միությունում  Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում տեղի կունենա Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսի բացումը:

Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագիրը, որին կմասնակցեն Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխա և պատանի: Ծրագրի շրջանակում համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երգչախմբի, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]