ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում դեկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում