Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ապրիլի լայնածավալ ագրեսիան խաղաղության դեմ հանցագործություն է. Նալբանդյան

Ապրիլի լայնածավալ ագրեսիան խաղաղության դեմ հանցագործություն է. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման բովանդակության մասին պետք է եզրակացություններ անել ոչ թե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններից կամ մամուլի հրապարակումներից, այլ եռանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այնտեղ հստակ նշվում են բոլոր այն խնդիրները, որոնք եռանախագահները ցանկանում են կամ մտադիր են բարձրացնել կողմերի հետ: Եռանախագահող երկրներն ասում են, որ իրենք խստորեն դատապարտում են ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Ու՞մ է դա ուղղված` պարզ է, թե ում է ուղղված, քանի որ մենք միշտ հանձնառու ենք ուժի ու դրա սպառնալիքի չկիրառմանը: Ադրբեջանն է, որ խուսափում է դրան հղում կատարել և գնացել է ոչ միայն ուժի սպառնալիքի կամ դրա կիրառմանը, այլ կարող ենք ասել խաղաղության դեմ հանցագործության, որովհետև ապրիլի սկզբին դա լայնածավալ ագրեսիա էր: Դրա ընթացքում կատարվեցին զարհուրելի բարբարոսություններ: Եռանախագահներն իրենց հայտարարության մեջ խստորեն դատապարտում են այդ բարբարոսությունները»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Դիտարկմանը, թե հայտարարության մեջ չի նշվում, թե ովքեր են կատարել հանցագործությունները` նախարարը պատասխանել է, որ նրանց, ովքեր զբաղվում են այդ խնդիրներով, լավ էլ հայտնի է, թե ովքեր են կատարել այդ հանցագործությունները: «Եռանախագահները միջնորդներ են: Մենք էլ կցանկանայինք, որ հայտարարությունները հասցեական լինեին, իհարկե, դա ճիշտ է, բայց իրենք պետք է փորձեն դիվանագիտական լեզվով ասել, սակայն այդ լեզուն էլ հստակ մատնանշում է»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրել է, որ Եռանախագահները խոսում էին այն մասին, որ պետք է հանձնառու լինել և անխտիր կատարել 1994-1995 թվականների զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը: Նախարարը նաև օրինակ է բերել Ադրբեջանի փորձերը հարցականի տակ դնելու 1994-1995 թվականների եռակողմ անժամկետ հրադադարի համաձայնագրերը, ինչի նպատակով Ադրբեջանը նամակներ էր ուղարկել Նյու-Յորք և Վիեննա: Դրան ի պատասխան`  եռանախագահող երկրներն ասել են, որ այդ համաձայնագրերն ուժի մեջ են և դրանք պետք է կատարվեն: «Ինչի՞ մասին էին խոսում եռանախագահները` երեք սկզբունքների մասին, որոնցից խուսափում է Ադրբեջանը: Մեր հանրապետության նախագահը բազմիցս նշել է , որ երեք հայտնի սկզբունքները հակամարտության կարգավորման հիմքում են ընկած: Ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվում են հղում կատարել այս սկզբունքներն, այլ նաև հինգ հայտարարություններն, որոնք արել են եռանախագահները նախագահների մակարդակով, իսկ դրանք խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերվող հիմնարար փաստաթղթերն են: Այս անգամ եռանախագահներն ընդգծեցին այն տարրերը, որոնք ընդգրկված են Լ’Ակվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Էնիսկիլենի և Լոս Կաբոսի հայտարարություններում: Ու՞մ է սա ուղղված: Իմ ելույթի մեջ էլ էի ես դրա մասին կոչ անում: Ու՞մ են ուղղված մնացած կոչերը: Ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումն է ստեղծել այս կոնֆլիկտը և առաջին հերթին հենց սրանով պետք է զբաղվել, որպեսզի բացառվի ուժի կիրառումը, և պետք է անխտիր կատարվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել: Նույնն ասեցին եռանախագահները»,- ամփոփել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]