Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր օրենքով հնարավորինս կբացառվի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ գնումներին մասնակցելու հնարավորությունը

Նոր օրենքով հնարավորինս կբացառվի պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ 
գնումներին մասնակցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գնումների գործընթացում առկա խնդիրները կարգավորելու մեխանիզմներ է առաջարկում, որոնք միտված են գործընթացի պարզեցմանը, մրցակցության խթանմանն, ինչպես նաև գործընթացների նկատմամբ  հասարակական վերահսկողության բարձրացմանը: Ազգային ժողովը սկսել է քննարկել «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին համապատասխանության ապահովմամբ: Նախարարը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել: «Նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը

Նա մանրամասնեց, որ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: «Գնանշման հարցման միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը չի գերազանցում 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է առնվազն 4 աշխատանքային օր ժամանակ: Մրցույթի միջոցով իրականացվում են այն գնումները, որոնք ներառված չեն էլեկտրոնային աճուրդով կատարվող գնումների ցուցակում եւ դրանց գինը գերազանցում է 70 մլն. դրամը: Հայտերի ներկայացման համար սահմանվում է քառասուն օրացուցային օր ժամանակ: Եթե առկա են չնախատեսված հանգամանքներ, ապա մասնակիցներին հայտերի ներկայացման համար տրվում է առնվազն 15 օրացուցային օր ժամանակ»,- պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարարը;

Գնման գործընթացներում մրցակցության աստիճանը բարձրացնելու եւ հնարավոր չարաշահման դեպքերը կանխելու նպատակով նախատեսվում է  ՀՀ կառավարության կողմից սահմանել շեմ, որը չգերազանցող` պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց հարկային պարտքեր ունեցող կազմակերպություններին հնարավորություն կտա մասնակցելու գնման գործընթացներին: «Նախատեսվում է ձեւավորել հնարավորինս անկախ գնումների բողոքարկման արտադատական համակարգ` խորհրդի ձեւով, մինչեւ երեք անձից բաղկացած, որոնց կնշանակի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ ներդրվում է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող պահանջներ` ՀՀ կառավարությանը վերապահելով այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը նախատեսելու իրավասությունը.

Հնարավոր կոռուպցիոն դեպքերը կանխարգելելու եւ գնման գործընթացների նկատմամբ հասարակական հսկողությունը բարձրացնելու նպատակով ներդրվում է գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ, նախատեսելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները եւ, եթե մասնակիցը կճանաչվի հաղթող, ապա տեղեկատվությունը կհրապարակվի ինտերնետ միջավայրում գործող գնումների պաշտոնական տեղեկագրում: «Օրենքով ներդրվում է գնման գործընթացներում ներգրավված պաշտոնյաների հետ մինչեւ երկրորդ արյունակցական կապ ունեցող փոխկապակցված անձանց հասկացությունը եւ մասնակցության դեպքում ինքնաբացարկի պահանջը, ինչպես նաեւ շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները գնումների պաշտոնական տեղեկագրում պարտադիր հրապարակելու պահանջը: Անկախ գնման առարկայի նախահաշվային գնից եւ կիրառվող գնման ձեւից, պարտադիր է դարձվում պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու մասին եւ կնքված պայմանագրի մասին հայտարարությունների հրապարակումը»,- եզրափակեց Արամյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]