Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավանաբար տանգոն կին է. Արմեն Մելիքսեթյան

Հավանաբար տանգոն կին է. Արմեն Մելիքսեթյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 8-9-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Արմենպրես»-ը զրուցեց ներկայացման բեմադրիչ-ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ:

-Ի՞նչ է տանգոն:

-Տանգոն դասական պար է. առավել բնութագրական այն ներկայացնել հնարավոր չէ: Այն անցել է դաժան փորձությունների՝ հեղաշրջումների, պատերազմների, ի վերջո մոռացության միջով:  Պիացոլան վերակենդանացրել է այն և կոչել «Նուեվո տանգո», այսինքն՝ նոր տանգո: Տանգոն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցանկում է, ինչպես օրինակ՝ հայկական դուդուկը կամ կոնյակը:

-Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին դեկտեմբերի 8-9-ին:

-Անակնկալ ենք պատրաստել: Մեզ հաջողվել է Հայաստան հրավիրել արգենտինացի հիանալի բանդեոնիստ Կառլոս Բուոնոյին: Կարծում եմ՝ նրան ունկնդրելը մեծ բավականություն կպատճառի բոլորիս: Դերասանները կրելու են երեսուն-քառասունական թվականներին բնորոշ հագուստներ: Ներկայացնելու ենք ոչ թե այսօրվա կամ երեկվա, այլ ընդհանրապես տանգոյի ծնունդը: Պիացոլան տանգոն մարմնավորել է կնոջ` Մարիայի մեջ. հավանաբար տանգոն կին է: Ներկայացումը մեկ գործողությամբ է. փորձել ենք ցույց տալ այն ճանապարհը, որն անցել է տանգոն ու հասել մեր օրերը՝ չկորցնելով իր հմայքն ու զգացմունքայնությունը:

-Կխոսե՞ք դերասանական կազմի մասին:

-Համագործակցում եմ շնորհալի, երիտասարդ դերասանների հետ: Ներկայացման մեջ ներառել ենք օպերային թատրոնի բալետային խումբը: Մարիայի դերակատարը զարմանալի աղջիկ է՝ Մարիաննա Պողոսյանը, որն աշխատում է օպերային բալետում և ունի վոկալային համապատասխան տվյալներ: Դուենդեմի դերը մարմնավորելու համար հրավիրել ենք Համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանին, Պայադորը խոստումնալից դերասան Սևակն է, որն իր առաջին քայլերն է անում մեծ բեմում. նրա մեջ մյուզիքլի ապագա մեծ դերասանի եմ տեսնում: Մյուս կերպարները կերտել են իմ ուսանողները: Նկարչի հետ որոշեցինք, որ մեզ կօգնի էկրանը, որն ասես գործող անձ լինի: Կցուցադրվեն բեմադրությանը համահունչ պատկերներ:

-Ի՞նչ կասեք դիրիժորի, նկարչի և ռեժիսորի համագործակցության մասին:

-Մասնակցում է կամերային նվագախումբը, որի ղեկավարը դաշնակահար Մադաթ Ավանեսովն է, նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, որի հետ աշխատել  եմ մի շարք ներկայացումների վրա, զգեստների նկարիչը Ռուբինա Հովհաննիսյանն է, որի հետ նույնպես ժամանակին համագործակցել եմ, բալետմեյստերը Անի Գալստյանն է: Այսինքն՝ բոլորն էլ փորձված են. ժամանակն է նրանց փորձել:

-Ի՞նչ խնդիրների եք բախվել բեմադրությունն իրականացնելիս:

-Խնդիրները միայն տեխնիկական են, մարդկային հարաբերությունների տեսանկյունից կնճռոտ հարցեր չեն եղել:

-Ձեր նախնական մտահղացումները վերջնական արդյունքից շա՞տ են տարբերվում:

-Մարդը ժամանակի ընթացքում փոխվում է, և գաղափարներն էլ նույնը չեն մնում: Ժամանակը ստիպում է առաջ գնալ: Ես չեմ կարծում, որ նույնն եմ մնացել: Չեմ ֆետիշացնում այն, ինչ արել եմ: Նկարահանած տարբերակով բեմադրություններս անգամ չեմ նայում, քանի որ դրանք  մնացել են անցյալում: Առաջ գնալ է պետք:

-Ինքնաքննադա՞տ եք:

-Այո՛: Եթե այդպիսին չլինես, անհետաքրքիր կլինի: Միշտ աշխատել եմ երիտասարդների հետ: Մյուզիքլի ժանրը երիտասարդ, առողջ դերասաններ է նախընտրում: Նրանցից նոր շունչ, ռիթմ եմ վերցնում  և սովորում: Այն, ինչ ունեմ, իհարկե, բազա է, որը պետք է օգտագործել, բայց ջահելների զարկերակն ուրիշ է...

-Նոր ստեղծագործական գաղափարներ կա՞ն:

-Եթե «Մարիա դե Բուենոս Այրես»-ի հետ կապված ամեն ինչ հարթ անցնի, և այն ընդունվի հանդիսատեսի կողմից, հաջորդը Շառլ Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը կբեմադրեմ: Ներկայումս աշխատում ենք Ազնավուրի համաձայնությունը ստանալ նոտաները ձեռք բերելու համար:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]