1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հալեպում արձանագրվող տեղաշարժի քաղաքական բաժինը

Հալեպում արձանագրվող տեղաշարժի քաղաքական բաժինը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք  գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:

Մինչ այս արձանագրված տեղաշարժը, թեժ մարտերը, ռուսական կործանիչների աշխույժ ներգրավումը եւ կառավարական ուժերի թափանցման փորձերը չէին հաջողում գետնի վրա դիրքերի գրավման տեղաշարժեր ապահովել: Հայկական թաղամասերից որոշ հատվածներ գտնվում էին շփման գծերի անմիջական շրջակայքում եւ այդ սահմանագիծը փաստորեն մնում էր անշարժ, քարացած պահելով նաեւ երկկողմանի զինվորական դիրքերը:

Հիմա կացությունը փոխվել է. ավելի ճիշտ փոփոխության ընթացք է ծայր առել, որ զինվորական բացատրությանն առընթեր ունի նաեւ իր քաղաքական տրամաբանություն: Սիրիական կառավարական ուժեր-Իրանի զինվորական ներկայություն, գումարած լիբանանյան Հեզբոլլայի ցուցադրական մասնակցություն եւ այս բոլորի վրա ավելացող ռուսական կործանիչներ` ամիսներ շարունակ Հալեպի պարագային չէին կարողացել գետնի վրա տեղաշարժ ապահովել մինչեւ օրեր առաջ արձանագրվածը:

Զինվորական ուժերի այս հանրագումարային պատկերը տրամաբանորեն պիտի հաջողեր նահանջի մատնել ահաբեկչական խմբավորումները, եւ նրանց հետ նաեւ երկրորդ պլանի վրա կռվող հակակառավարական ուժերը, ճանաչված իբրեւ ընդդիմադիր ուժ տարազով:

Փաստորեն գոյություն ուներ ուղղակի-անուղղակի հովանավորչություն, աջակցություն եւ պաշտպանություն զինյալ խմբավորումներին: Այն երկվությունը, թե զինյալ խմբավորումները չեզոքացնելով պիտի նպաստած լինեին Սիրիայի նախագահով մարմնավորված վարչակարգին, պատճառ էր հիմնական քաղաքական համաձայնությունների ուշացման, ձգձգման եւ դրան առընթեր զինվորական գործողությունների սահմանափակման:

Միայն որոշ ժամանակի համար կայացած քաղաքական համաձայնությունը  գերտերությունների միջեւ կարող էր հանգել տեղաշարժային այս արդյունքին: Այլապես, նախորդ ամիսներին երկարող ստատուս քվոն կամ գրավում-նահանջ պարանաձգությունը պիտի շարունակվեր:

Երեւույթները մտածել են տալիս, որ իրար հակակշռող զսպիչ գոտիների ընդհանուր դաշտում արձանագրվում էին զինվորաքաղաքական գործողություններ եւ ընդհանուր միջգերտերութենական վերահսկողությունը պահպանվում էր: Այս տեղաշարժը նախանշում է բարձր մակարդակի վրա համաձայնեցված վերահսկողության տակ ռուս-իրանյան դաշինքի զինվորաքաղաքական գործողությունների արդյունավետությունը: Եվ այնպես չէ, որ միայն ռուս-թուրքական կարճաժամկետ մերձեցման արդյունքն է, որ Անկարան ավելի կրավորական դիտեց ռուսական կործանիչների կամ իրանյան ռազմական միջամտությունների իբրեւ արդյունք Հալեպի որոշ հատվածի ազատագրումը ահաբեկչական խմբավորումներից: Առանց Վաշինգտոնի լուռ համաձայնության դժվար թե իրականանար տեղաշարժը, կամ Հալեպի ռազմավարական հատվածը ռուս-իրանյան գործոնի ճանապարհով կառավարական ուժերի վերահսկողության տակ առնվելը:

Ինչ վերաբերում է ռուս-թուրք կարճաժամկետ մերձեցմանը, ապա գեթ դեկլարատիվ մակարդակի վրա արդեն իսկ երեւում է սուր հակասություն: Թուրքիայի նախագահը սիրիական պատերազմին իր ներկայությունը պայմանավորում է Ասադի վարչակարգի հեռացման նպատակով: Բնական է նաեւ, որ դեպի Մոսկվա շրջադարձ կատարած, ներողություն խնդրած-չխնդրած, Սոչիում ռուսական ձայները շատ արագ լսող Անկարան այս բոլորը նաեւ գործադրում էր սպառնական ուղերձներ ուղղելու համար ընդհանրապես Արեւմուտքին: Հիմա նաեւ Հալեպի ազատագրումը կրավորական դիտող Անկարան ներգործուն դեր է փորձում ստանձնել այս անգամ Դամասկոսում իշխանափոխություն իրականացնելու Արեւմուտքի պահանջը իր սեփականը համարելով:

Անկարայի այս խաղերը արդյունավորվելու շատ տեղ չունեն փաստորեն: Անկարան ինքը հայտնվել է այլոց խաղի կանոններին հետեւելու, իբրեւ խաղաթուղթ օգտագործվելու տվյալ պահին զինվորաքաղաքական գործողություն իրականացնելու համար: Մնացյալը զուտ դեկլարատիվ շանտաժներ են, որոնք առարկայացում չեն գտնում հաճախ:

Իսկ թե ինչ պատճառով ի հայտ եկավ ամերիկյան կողմի այս «կրավորական» կեցվածքը, թերեւս նույնպես լայն անդրադարձի նյութ է: Կարելի է այս երեւույթը կապել նոր նախագահի ընտրության հետ: Ամերիկյան արտաքին քաղաքականության վերաբերյալ նորընտիր նախագահ Թրամփի արտահայտություններին արդեն ծանոթ ենք: Եվ գուցե Սիրիայում դրսեւորած դիրքորոշման փոփոխության մեջ արտահայտվել է սկսում ամերիկյան նոր քաղաքականությունը: Շատ ժամանակ չի մնացել այս ենթադրության ճշմարիտ կամ սխալ լինելու մեջ համոզվելու համար:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]