Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/39. Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը գլխավորում է վարկանշային աղյուսակը

Երևանյան բեսթսելեր 4/39. Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը գլխավորում է 
վարկանշային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է երիտասարդ և խոստումնալից հեղինակ, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը: «Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն այս շաբաթ երկրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Աղյուսակ է մուտք գործել Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպը՝ հայտնվելով  պատվավոր երրորդ հորիզոնականում: Երևանյան հիպիներ` սեքս, թմրանյութեր, ազատություն… Գիրքը ժամանակների սահմանին հայտնված մարդկանց մասին է: Սահման, որտեղ չկան փշալարեր, սահմանապահներ, ճանապարհային նշաններ, և որտեղ սահմանախախտման արարքը զրկված է վեհությունից: Արվեստագետը սովորական մարդ է` թերևս, միայն դրանով տարբերվող արտառոցների հասարակությունից:

Չորրորդ տեղում է վաճառվածների ցանկ վերադարձած Էդգար Հարությունյանի՝ «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն:

Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակն ինչպես անցյալ, այնպես էլ այս շաբաթ հինգերորդն է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Պաուլու Կոելյուի «Լրտեսը» կրկին բարելավել է իր դիրքերը և այս անգամ վեցերորդն է: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Յոթերորդ տեղում Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451°» վեպն է, որը հայերեն է թարգմանել Լուսինե Հարոյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, որն իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «Ֆարենհայթ 451°» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:

Բարելավելով հորիզոնականը՝ Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» ստեղծագործությունն այս շաբաթ ութերորդ տեղում է հայտնվել: Այն ամերիկացի ականավոր գրողի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը շարունակ կորցնում է բարձր հորիզոնականները: Այս շաբաթ այն իններորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վարկանշային աղյուսակն այս շաբաթ եզրափակում է փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +9

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես  90
2 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 45
3 Նոր

Գուրգեն Խանջյան

«Լուր չկա» 

Անտարես  37
4 *

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 35
5

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 33
6 +2

Պաուլու Կոելյու

«Լրտեսը»

Անտարես 20
7 *

Ռեյ Բրեդբերի

«Ֆարենհայթ 451 աստիճան»

«Զանգակ» 15
8 +1

Ռեյ Բրեդբերի

«Խատուտիկի գինի»

Անտարես 13
9 -2

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 12
10 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 12

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]