Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռեժիսորը գոնե մեկ քայլ պետք է առաջ լինի մյուսներից. Հրաչյա Գասպարյան

Ռեժիսորը գոնե մեկ քայլ պետք է առաջ լինի մյուսներից. Հրաչյա Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ մեծատաղանդ ռեժիսոր Հրաչյա Գասպարյանն այս տարի տոնում է ծննդյան 70-ամյակը: Ռեժիսորի հոբելյանին նվիրված երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Կայանալիք համերգի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց Հրաչյա Գասպարյանի հետ:

-Աշխատել եք տարբեր թատրոններում: Ի՞նչ հետք է  թողել դրանցից յուրաքանչյուրը ձեր կյանքում:

-Երբ մարդկանց հետ ես շփվում, հանդիպում տարբեր գեղագիտության, հարստանում ես: Աշխատել եմ Գյումրու թատրոնում, որը մեծ ավանդույթներ ուներ: Նրանում մի քիչ գավառականություն կար, բայց և դա հաղթահարելու մեծ ցանկություն: Երբ Երվանդ Ղազանչյանի և մի շարք դերասանների հետ գնացինք այնտեղ, թատրոնը կենդանացավ, վերելք ապրեց: Հասկացա, որ ամեն ինչ հաղթահարելի է, ուղղակի պետք է հավատալ և աշխատել: Ռուսական թատրոնը մեզանում դերասանի նոր որակ տվեց: Պրոֆեսիոնալ թատրոն էր՝ իր հարուստ ռեժիսորական և դերասանական մշակույթով: Այնտեղ, իսկապես, պրոֆեսիոնալ ռեժիսոր դարձա: Հետագայում ստեղծեցինք «Համազգային» թատրոնը, որտեղ հավաքվեցին լավագույն  դերասանները`Գալյա Նովենցը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Դավիթ Հակոբյանը և այլք: Մեզ միացավ նաև Սոս Սարգսյանի կուրսը: Երիտասարդ դերասանները մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր գեղագիտությանն ու հասկացողությանը:

-Երկար տարիներ աշխատել եք Սոս Սարգսյանի հետ…

-Սոսը մեծ մարդ էր, հետաքրքիր. նրա հետ երբեք տխուր չէր լինում: Երբ ես ու նա ձանձրանում էինք, զանգում էինք միմյանց և ստանում անհրաժեշտ էներգիան: Միամիտ լոռեցի էր: Մի անգամ ասացի. «Արա՛, լոռեցիները շաշ են»: Նա էլ պատասխանեց. «Շաշ չեն, այլ միամիտ»: Նրա հետ կապված հետաքրքիր դեպքերը շատ են: Ցուրտ տարիներին հոսանք չունեինք: Սոսն ասես ծանր հրետանի լիներ. որոշեց գնալ «Արմէներգո»՝ լույսի հետ կապված խնդիրները լուծելու: Վերադարձավ և ասաց. «Անհրաժեշտ է զանգահարել Էլեկտրոցյանին, և նա կմիացնի անհրաժեշտ մարդուն»: Մենք էլ մտածում ենք, թե ինչ տարօրինակ ազգանուն է, ո՞վ է Էլեկտրոցյանը: Զանգում ենք նշված համարով ու խնդրում Էլեկտրոցյանին,  ասում են՝ նման մարդ չկա: Հետո հասկացա, որ պետք էր էլեկտրոցանց զանգահարել… Նվիրված էր հայ հողին, ջրին: Համոզված կասեմ, որ Սոսի հետ մահացավ խիղճը: Նա ազգի խիղճն էր:

-Հրաշալի բեմադրություններ ունեք: Ինչպե՞ս եք կարողանում տեսնել, թե որ ժամանակահատվածում հանդիսատեսին ինչ է պետք մատուցել:

-Ապրում եմ ժամանակակից մարդու ցավերով, հոգսերով, մտորումներով: Կան թեմաներ, որոնք անվերջ են, անսպառ: Օրինակ՝բարության թեման: Մարդը գեղեցիկ է, երբ բարի է, մարդը հրաշք է, երբ բարիք է գործում: Հայերս լավ խոսք ունենք՝ լավություն արա, գցիր ջուրը: Երբ բարին ես գործում և սպասում պատասխանի, ավելի լավ է չանել, քանի որ դա արդեն առևտուր է: Մտածող մարդն անպայման կգտնի այն, ինչ պետք է իր հանդիսատեսին:

-Պարտադրված ներկայացումներ բեմադրել ե՞ք:

-Այո՛, և ոչ քիչ: Երկու ներկայացում եմ արել կոլխոզի մասին, երեքը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի: Վասիլևը պատերազմի մասին հետաքրքիր գործ էր գրել. որոշեցի բեմադրել այն և պրեմիերայից քսան օր առաջ Պաշտպանության նախարարությունից նամակով տեղեկացրեցին, որ այդ պրեմիերան չպետք է կայանա: Սեղմ ժամկետում բեմադրեցի Լեոնիդ Լեոնովի «Ոսկե կառքը»-ը, և հետաքրքիր, պարադոքսալ ներկայացում ստացվեց: Կոլխոզի մասին ներկայացումներում փոխել եմ ամբողջ էությունը: Մեկի անունը դրեցի «Հորովել» և դրա հիման վրա բնության արհավիրքների դեմ պայքարող, կռվող գյուղացու պատմություն ստեղծեցի: Կիսահերոսական, ռոմանտիկ ներկայացում ստացվեց: Պարտադրված ներկայացում անելիս չկա ոգևորվածություն, փոխարենը վառ է արտահայտվում պրոֆեսիոնալիզմը:

- Եղե՞լ են դերասաններ, որոնք խոչընդոտել են ձեր աշխատանքը:

-Նման դերասանի չեմ հանդիպել: Դերասանին լսելու, հասկանալու ունակություն ունեմ, եթե անգամ նա վատ է տրամաբանում կամ բացատրում այն, ինչ ցանկանում է ասել: Եթե դիմացինս իրավացի է, կարող եմ լսել և ընդունել, իսկ եթե ոչ, ես նրան կհամոզեմ: Մարդը պետք է նյութը տիրապետի՝ համոզել կարողանալու համար, և պրոֆեսիոնալ ռեժիսորը գոնե մեկ քայլ պետք է առաջ լինի մյուսներից: 

-Դասավանդում եք: Ձեր ուսանողների մեջ տեսնու՞մ եք բեմի ապագա վարպետների:

-Տեսնում եմ նրանց ունակությունները և փորձում զարգացնել դրանք: Փափազյանն ասում էր, որ դերասանին ոչ թե ինստիտուտը, այլ մաման ու պապան են սարքում: Այսինքն, եթե տաղանդը, շնորհքը չկա, մարդը կարող է լավ դերասան դառնալ, բայց եթե չկա կայծը, ներքին ուժը, ոչ մի բան չի ստացվի: Ուսանողներից շատերի մեջ տեսնում եմ ոչ միայն ցանկություն, այլև ուժ և հիմա ցանկանում եմ նրանց ապացուցել, որ իրենք շնորհքով են:

-Ներկայիս թատերական աշխարհի մասին ի՞նչ կասեք:

-Յուրաքանչյուր մասշտաբային իրադարձություն՝ պատերազմ, ճգնաժամ հարվածում, ցավ է պատճառում արվեստին: Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է: Եթե թատրոնում չկա մարդ, որը հետևում է դերասանի զարգացմանը, չի օգնում նրան, ապա այն չի ապրում:

-Ի՞նչն եք կարոտում:

- Կյանքը լեցուն է, և կարոտում ես մի բանի, ինչը պակասում է, բայց ցանկության դեպքում լրացնելու հնարավորություն կա: Արտասահմանում լինելիս, շատ եմ կարոտում երկիրս, կարոտում եմ թոռներիս: Հաճախ կարոտում եմ մարդկանց, ում կորցրել եմ: Ժամանակն այնպես է, որ կորուստներն ավելի շատ են, քան ձեռքբերումները:

-Ի՞նչ է սպասում թատերասերներին դեկտեմբերի երկուսին:

-Չեմ սիրում հոբելյաններ: Կարծում էի՝ «Համազգային» թատրոնում փոքր միջոցառմամբ կնշենք, սակայն ընկերներս` Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը որոշեցին լայն միջոցառում նախաձեռնել: Նրանց ասել եմ արդեն, որ բեմում չեմ նստելու: Մի քիչ տխուր է ինձ համար, բայց հաճելի է գնահատված լինելը:

-Ինչի՞ մասին է այսօր երազում Հրաչյա Գասպարյանը:

-Երազանքներս շատ են: Ցանկանում եմ, որ երկիրս օրինավոր լինի, հարուստ, գեղեցիկ, որ երեխաները լավ ապրեն, չէ՞ որ iphone-ով չի որոշվում ամեն ինչ: Հաճախ եմ ծնողներին ասում, որ երեխաների հետ զբաղվել է պետք: Սերը ոչ թե սարքի, այլ խոսքի, շփման, մարդկային փոխհարաբերությունների մեջ է: Երեխաներին թանգարաններ, կրկես, թատրոն է պետք տանել: Երազում եմ, որ երիտասարդները կարևորեն ընտանիքը, հոգևոր դաստիարակությունը:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]