Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/38. «Փոքրիկ իշխան»-ն այս շաբաթ ամենավաճառվածն է

Երևանյան բեսթսելեր 4/38. «Փոքրիկ իշխան»-ն այս շաբաթ ամենավաճառվածն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դե Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն շարունակում է բարելավել իր դիրքերը: Այս շաբաթ այն երկրորդ հորիզոնականում է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

Երրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն հաջողություն է գրանցել՝ հայտնվելով չորրորդ հորիզոնականում:

Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակն իններորդ տեղից բարձրացել է հինգերորդ տեղ: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Երկու շաբաթ մեր վարկանշային աղյուսակը գլխավորած Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զիջել է իր դիրքերը և այժմ վեցերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունը գնալով կորցնում է բարձր հորիզոնականները: Այս շաբաթ այն յոթերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

 Պաուլու Կոելյուի «Լրտեսը» բարելավել է իր դիրքերը և հայտնվել ութերորդ տեղում: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Ցանկ է վերադարձել Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը, որն իններորդն է: Այն ամերիկացի ականավոր գրողի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Աղյուսակը եզրափակում է երիտասարդ և խոստումնալից հեղինակ Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը: «Ախպարները» հեղինակի առաջին վեպն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրի իշխանը»

Անտարես/Զանգակ 35
2 +1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ 20
3 +2

Մարկ Արեն

«Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 19
4 +2

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 19
5 +4

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 15
6 -5

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 14
7 -3

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 13
8 +2

Պաուլու Կոելյու

«Լրտեսը»

Անտարես 10
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 8
10 Նոր

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 5

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]