Հասարակական

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված նորաստեղծ կայքը կծառայի նաև որպես կրթական գործիք

3 րոպեի ընթերցում

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված նորաստեղծ կայքը կծառայի նաև որպես կրթական գործիք

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծրագրավորման և կայքերի պատրաստման դասընթացի շրջանակում «Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնի» սաները ստեղծել են Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված կայք: Նոյեմբերի 26-ին Թեքեյան կենտրոնում կկայանա կայքի շնորհանդեսը, որի ժամանակ կներկայացվի նաև Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունն ամփոփող նորացված կայքը: Միջոցառումը կնվիրվի Մելքոնյանի ծննդյան 59 և Ազգալդյանի ծննդյան 74 ամյակներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նաիրի համընկերության համահիմնադիր (որի ներքո գործում է «Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնը»), «Ինսթիգեյթ» ընկերության գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը, կայքը հասանելի կլինի avo.am կամ montemelkonyan.am հասցեներով: Նրա տեղեկացմամբ` նույն ոճով ստեղծվել են նաև Հայրիկ Մուրադյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Գարեգին Նժդեհին նվիրված կայքերը: «Նպատակը միշտ եղել է օգտակարն օգտակարի հետ համատեղելը: Ուսանողներին սովորեցնում ենք ծրագրավորում, կայքերի ստեղծում և զուգահեռ որպես նախագիծ կիրառում ենք մի բան, ինչը ոչ թե վարժություն է, որը կանեն ու հետո դեն կնետեն, այլ գործ է, որից կշահեն շատերը»,-նկատեց Վահագն Պողոսյանը:

Մեր զրուցակցի խոսքով` մյուս կարևոր նպատակը նշյալ անվանի հայորդիներին նվիրված կայքերը կրթական գործիք դարձնելն է: «Մենք ոչ միայն ստեղծում ենք կայքեր` նվիրված մեր անվանի հայերին, այլև կրթական հարթակներ, որոնցից կարող են օգտվել դպրոցի ուսուցիչները`թեմատիկ դասերի ժամանակ նյութերը տրամադրելով իրենց աշակերտներին»,-ասաց Պողոսյանը` ավելացնելով, որ կայքն ուսուցիչներին կհասցնեն 162 դպրոցներում գործող ինժեներական լաբորատորիաների ցանցի միջոցով:

Ինչ վերաբերում է կայքի բովանդակությանը, այնտեղ տեղ գտած նյութերին, ապա Վահագն Պողոսյանը նշեց. «Կայքի բովանդակությունը կառուցված է հանրագիտարանային ոճով, համակարգված ու դասակարգված է: Նյութերն արդեն վաղուց կան` այդ մարդկանց կյանքը, կենսագրությունը, նկարները, նրանց մասին վկայությունները»: Հաջորդիվ ստեղծվելիք կայքերի առնչությամբ Պողոսյանը նկատեց, որ ուսումնական կենտրոնից էստաֆետը կփոխանցվի «Իրական դպրոցի» (Նաիրի համընկերության նոր նախաձեռնություններից է) աշակերտներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում