Լույս է տեսել Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հեղինակած «Ախպարները» վեպի շնորհանդեսը նոյեմբերի 18-ին անցկացվեց Երևանում: «Հերոսներն իմ տատն ու պապն են: Փորձել եմ ներկայացնել հայրենադարձների մի ամբողջ սերնդի պատմություն, որոնք հայրենիք վերադարձան իդեալական պատկերացումներով, բայց բախվեցին ստալինյան ռեպրեսիաներին: Ի պատիվ իրենց մնացին Հայաստանում` կրելով ախպարի ճակատագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրքի հեղինակ Նարեկ Գալստյանը:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով`«Ախպարներ» վեպում ամենակարևորը գրական ներուժն է: «Նարեկը չի մնացել անձնական հուշերի շրջանակում: Գրքի գլխավոր արժանիքներից են ընդհանրացումները, գրողական գեղարվեստական մոտեցումը: Ստացված կերպարների գունապնակ կա վեպում, փայլուն սյուժե, զսպվածություն: Շատ կցանկանամ, որ Նարեկը շարունակի գրել»,-շեշտեց գրականագետը:
«Նարեկն իր ընտանիքի միկրոտիեզերքի միջոցով ցույց տվեց մի ամբողջ ժամանակաշրջան: Շատ հուզիչ, արդիական և գեղեցիկ պատմություն է փոխանցել մեզ: Գրել է քաջ, պայքարող մարդկանց մասին, ովքեր չեն ընկրկել, չեն վախեցել նորից սկսել, մարդիկ ում համար Հայաստանն իսկապես հայրենիք է»,-ասաց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Նարեկ Գալստյանի ընկեր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընգծեց, որ մի քանի ժամվա ընթացքում է կարդացել գիրքը: «Ինչ-որ չափով նմանեցնում եմ «100 տարվա մենություն» ստեղծագործությանը: Հուսամ` այն արժեքները, որոնք փոխանցել է հեղինակը վեպի միջոցով արձագանքներ կգտնեն նաև անծանոթների հոգում»,-ասաց քաղաքագետը:
Հեղինակը պատմեց, որ գրելիս երաժշտություն է լսել, «Ֆաշիստական Գերմանիան նկարագրելիս Վագներ էի լսում, տատիկիս կերպարը նկարագրելիս` «Մայրիկ» ֆիլմի երաժշտությունը: Մեծ մորս մահվանից հետո ծնվեց նրա և նրա նմանների մասին գրելու գաղափարը, և հուսամ գիրքը ձեզ դուր կգա»,-նշեց Նարեկ Գալստյանը:
«Ախպարները» Նարեկ Գալստյանի առաջին վեպն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմություն`Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից:
Նարեկ Գալստյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 20-ին` Երևանում: Զբաղվում է լրագրությամբ, քաղաքական գործունեությամբ: Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ է, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում