Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Հայաստանում միգրացիոն վիճակագրությունը թույլ օղակներից է. Աստղիկ Միրզախանյան

Հայաստանում միգրացիոն վիճակագրությունը թույլ օղակներից է. Աստղիկ Միրզախանյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսվում են քննարկումներ միգրացիային առնչվող թիրախների մշտադիտարկման գործընթացն ամբողջացնելու համար: Այդ կապակցությամբ Երևանում անցկացվում է Հայաստանում միգրացիայի և զարգացման ոլորտում թիրախների ազգային ցուցիչների մշակմանը վերաբերող աշխատաժողով:

Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ գոյություն ունեն մի շարք ցուցիչներ` կապված միգրացիայի հարցերի հետ, սակայն դրանք գլոբալ բնույթ են կրում: Հետևաբար՝ անհրաժեշտ է դրանց տեղայնացումը:

«Յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է այդ ցուցիչների տեղայնացումը: Այսօրվա քննարկումը հենց նվիրված է լինելու դրան: Թե պետական կառույցների, թե հասարակական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կփորձենք վերհանել, թե այդ ցուցիչներից որոնք են առաջնահերթը: Դժվար է ասել, որն է առավել կարևոր` աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերը, թե ասենք թրաֆիքինգի խնդիրները: Քննարկումները ցույց կտան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Իլոնա Տեր-Մինասյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը նշեց, որ գոյություն ունեն միգրացիայի հարցերին առնչվող 200-ից ավելի ցուցիչներ: Մինչ այս կամ այն ցուցիչի ընտրությունը, միգրացիայի հարցերի վերաբերյալ ամբողջական մշտադիտարկում իրականացնելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է առանձնացնել Հայաստանի համար կարևոր թիրախները:

«Առաջին հերթին մենք պետք է համատեղ ուժերով կողմնորոշվենք, թե որ թիրախներն են առաջնային Հայաստանի համար: Ասենք, կան հարցեր՝ կապված միգրանտների ներքին տեղաշարժի հետ, կան հարցեր առաջին անգամ Հայաստան ոտք դրած միգրանտին վերաբերող, նրանց ինտեգրման, իրավունքների և այլնի հետ կապված: Ահա պետք է թիրախները սահմանել, և սահմանված ցուցիչներով կարողանալ տալ իրավիճակի կոնկրետ գնահատական»,-նշեց Կարինե Կոյումջյանը:

Փորձագետների կարծիքով, միգրացիայի թիրախները սահմանելու, ցուցիչներ մշակելու հետ կապված  հաջողված փորձ ունի Ֆիլիպինները:

Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետ Էլիզա Մոսլերը, ով ուսումանսիրել է Ֆիլիպինների փորձը, նշեց, որ այդ հարցերում տվյալ երկիրը բավական կազմակերպված է հանդես գալիս: 

«Ֆիլիպիններն ունեն շատ լավ կայացած ինստիտուցիոնալ համակարգ` կապված միգրացիայի հարցերի հետ: Լինի դա միգրանտների վերաինտեգրման, թե իրավունքների պաշտպանության իմաստով: Ֆիլիպիններում աշխատանքային միգրացիայի առանցքներից մեկն է դիվանագիտական ներկայացուցչություններում զբաղվածության գծով կցորդ ունենալը: Աշխատանքային միգրանտներին տեղեկացնում են իրենց իրավունքների վերաբերյալ մինչև նպատակային երկիր հասնելը»,-ասաց Էլիզա Մոսլերը:

ՀՀ կառավարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը, կարևորելով  նման աշխատաժողովի անցկացումը, նշեց, որ վիճակագրությունը հիմք է ցանկացած քաղաքականության որոշման համար:

«Եթե մենք լավ վիճակագրություն չունենք, եթե մենք չունենք ճիշտ բազա, որի վրա մենք կկառուցենք մեր հետագա անեիքները, ապա դա կարող է բերել սխալ քաղաքականության, որն էլ կարող է ճակատագրական լինել տվյալ երկրի համար: Այդ առումով միգրացիոն վիճակագրությունն ամենաթույլ օղակներից մեկն է, այստեղ միշտ ունեցել ենք խնդիրներ, այդ բացը փորձել ենք լրացնել հետազոտությունների միջոցով»,-հավելեց Աստղիկ Միրզախանյանը:   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]