Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Չավուշօղլուն դատապարտելի է համարել բանաձևի ընդունումն ու հույս հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենակարճ ժամանակում կվերադառնան «նախկին վիճակին»:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել է՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում