Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է թրաֆիքինգի հարցով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի քննարկմանը

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է թրաֆիքինգի հարցով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի 
քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը մասնակցել է Վիեննայում 2016թ. նոյեմբերի 10-11-ին տեղի ունեցած «Մարդկանց թրաֆիքինգի միջազգային իրավական սահմանումը՝ կատարված հետազոտությունների և բարձրացված հարցերի վերլուծության ամփոփում» խորագրով քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի կողմից, որին մասնակցել են նաև միջազգային փորձագիտական խմբի անդամները:

Միջազգային փորձագիտական խմբում ընդգրկված են եղել ընդհանուր առմամբ 20 փորձագետ՝ ներկայացված ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Սինգապուրից, Թունիսից, Թայլանդից և այլ երկրներից: ԱՊՀ երկրներից հրավիրված է եղել միայն Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի։

Քննարկումները ծավալվել են հետևյալ երեք ուղղություններով.

- վիճակի խոցելիության օգտագործման հասկացության հստակեցում,

- զոհի համաձայնության պարտադիր չլինելու պայմանի հստակեցում,

- շահագործման հասկացության պարզաբանում և մեկնաբանում

Հանդիպման արդյունքում լրամշակվել է երեք ուղղությունները մեկնաբանող նախկինում այլ փորձագետների կողմից կազմված ուղեցույցը, որը, որպես խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթուղթ, կներկայացվի ՄԱԿ-ի անդամ-երկրներին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում միասնական եզրույթներ և պրակտիկա ձևավորելու համար: Ինչպես նաև քննարկվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի տիպային օրենքը և դրա ուղեցույցը:

Քննարկումների վերջում ՄԱԿ-ի հանցավորության և թմրամիջոցների գրասենյակի թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրի ղեկավարը, ով հանդիսանում էր միջոցառման համակարգողը, իր գոհունակությունն է հայտնել մասնակիցներին: Նա վստահեցրել է, որ սա նոր համագործակցության առաջին քայլն է, քանի որ գրասենյակը պատրաստվում է շարունակել համագործակցությունը՝ մասնավորապես նման միջոցառմանն առաջին անգամ մասնակցություն ունեցող երկրների հետ, որոնց թվին է պատկանում նաև Հայաստանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am