Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/36. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործույթունն առաջատար է

Երևանյան բեսթսելեր 4/36. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ 
ստեղծագործույթունն առաջատար է

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը: Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը, զիջելով իր դիրքերը, հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Աշխարհում ամենաշատն ընթերցված «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, վերադարձել է ամենավաճառվածների ցանկ: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, բարելավել է իր դիրքերը: Այս անգամ այն չորրորդ հորիզոնականում է:

Հինգերորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը այս անգամ վեցերորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակի յոթերորդ տեղում է: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Գրքերի ցանկն այս շաբաթ եզրափակում է Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» ստեղծագործությունը: Այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլակում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ  32
2 -1

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ պրինտ 26
3 *

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 21
4 +3

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ  20
5 -2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ  18
6 -4

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ  18
7 -1

Ջեյն Օսթին

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 12
8 -3

Պաուլո Կոելյո

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 8
9 -1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ պրինտ 7
10 *

Ալիս Մանրո

«Կյանքի սիրույն»

Զանգակ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]