Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ աշակերտն արժանացել է Համաշխարհային փոստային միության հատուկ հավաստագրի

Հայ աշակերտն արժանացել է Համաշխարհային փոստային միության հատուկ հավաստագրի

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ:   (Համաշխարհային փոստային միությունը հիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում): 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲ և «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ ընկերություններից, այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր. «Գրի՛ր նամակ ինքդ քեզ՝ 45 տարեկան հասակում»:

Երևանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի համաշխարհային այս մրցույթի միջազգային ժյուրիի կողմից:

Զավեն Անտոնյանին հատուկ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայ կրթություն» կրթահամալիրի հոգաբարձության խորհրդի նախագահ, Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը,  Զավեն Անտոնյանի ընտանիքի անդամները, «Հայփոստ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ներկաները շնորհավորել են Զավեն Անտոնյանին, հանձնել  նվերներ Համաշխարհային փոստային միության նախագահ Բիշար Հուսեյնի և ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից:

Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս՝ 2015 թվականին Համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 44-րդ նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագրի էր արժանացել կրկին Հայաստանը ներկայացնող նամակ-շարադրությունը:

Ստորև ներկայացնում ենք Զավեն Անտոնյանի նամակը, գրված իրեն 45 տարեկան հասակում:

«Զա´վ ջան

Բարև,  ինչպե՞ս ես: Գիտեմ, գիտեմ,  որ չես սիրում այս հարցը: Գուցե վատ ես, շատ վատ, բայց հո մարդկանց չես ասի այդ մասին…

Տարիների հեռվից գրում եմ քեզ, որ հիշեցնեմ, թե ոսկի պատանեկությանդ օրերին ինչն էիր ամենից շատ սիրում ու կարևորում:

Հիշո՞ւմ ես` սիրում էիր կատակել, նույնիսկ երբ տխուր էիր: Կատակում էիր պատեհ-անպատեհ, բայց ոչ ում հետ պատահի: Կատակում էիր միայն ընկերներիդ հետ: Սառը,  անտարբեր մարդկանցից էիր խուսափում: Չէիր սիրում, երբ քեզ քննադատում էին քո ներկայությամբ: Սիրում էիր ֆուտբոլի գնդակը պտտեցնել մատներիդ վրա: Սիրում էիր հաշվել ձեր բակի ծառերը: Օհան պապի հետ շախմատ խաղալ էիր սիրում: Սիրում էիր,  երբ քեզ շոկոլադ էին նվիրում:

Օրեր են անցել:  Անցել է մանկությունդ քաղցր: Ջահել կյանքդ է անցել: Քառասունհինգ գարուն ես տեսել,  երևի  այդքան էլ դեռ կտեսնես: Հիմա նստած ես պատշգամբում`բազկաթոռի մեջ, ոտքդ ոտքիդ ես գցել ու կարդում ես այս տողերը: Կարդում ես բարձրաձայն` ըստ սովորության: Երևի արդեն ունես այն կոշտ ձայնը, որի մասին երազում էիր ինը տարեկանից, այն  խռպոտ ու առնական ձայնը: Դանդաղ ես կարդում ու հիշում…

Հիշում ես այն տաք ու արևոտ օրերը: Տաք էր, եթե նույնիսկ ցուրտ ձմեռ էր, հոգիդ էր ջերմ: Չես կարդում միայն կարդալու համար: Կարդում ես ու վերապրում այն վճռական պահը, երբ դու` տասնչորսամյա պատանիդ, որոշեցիր նամակ գրել ինքդ քեզ ու այնպես անել, որ այն քեզ հասնի, երբ լինես 45 տարեկան:  Արդյոք ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել. վա՞խը, որ կյանքը կարող է քեզ փոխել, ու դու մոռանաս, թե մի ժամանակ ինչն էր քեզ համար ամենից կարևորը, թե՞ ուղղակի մի խաղ էր դա, կամ ինչ-որ մրցո՞ւյթ…

Տարիներն անցել են, էլ հետ չես բերի, ծաղկուն պատանեկությունդ էլ հետ չես բերի:  Հետ չես բերի սիրածդ շոկոլադը վայելելու բերկրանքը կամ այն ֆուտբոլի գնդակը, որով քո առաջին գոլը խփեցիր:   Օհան պապին տանուլ տված շախմատի խաղը հետ չես բերի,  Օհան պապին հետ չես բերի: Մանկությունդ հետ չես բերի…

Հիմա երևի էլ չկան  քո մանկության գլխավոր հերոսները: Չկա մեր բակի տաքսու վարորդ Կարենը, որ միշտ ծխում էր ընդմիջման ընթացքում: Կարենի ընդմիջումն ավարտվում էր այն ժամանակ, երբ վերջանում էր նրա «Գառնի» ծխախոտը: Չկա ամեն ինչից դժգոհ Սեդա տատիկը, որը շքամուտքը մաքրելիս միշտ «անիծում էր» այն կեղտոտող  բակի տղաներին, բայց ամեն անգամ` նրանց տեսնելիս, մեկական կոնֆետ էր հանում գրպանից ու բարի ժպիտով հյուրասիրում  բոլորիս: Չկա իմ առաջին սերը: Նրա անունն անգամ չեմ հիշում: Ես սիրահարվեցի նրան երեք տարեկանում, երբ նա խնդրեց, որ փակեմ աչքերս, իսկ հետո հողով լցված դույլը դատարկեց իմ գլխին: Այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ սիրել նրան: Այս բոլոր մարդիկ հիմա գուցե չկան կամ կան, բայց կողքիդ չեն. կյանք է, ամեն ինչ էլ կպատահի: Բայց նրանք բոլորը  մանկությունդ են, Զա´վ, իմ ու քո մանկությունը…

 Ես շատ եմ խոսում, իսկ դու լռում ես: Տարի՞քդ է մեղավոր: Մազերիդ մեջ երևի ճերմակ ալիքներ կան, գուցե ակնոց ես դնում,  չգիտեմ: Բայց ներսդ, վստահ եմ, նույնն է մնացել: Հոգով դու այն նույն փոքրիկ տղան ես, որ սիրում էր երեկոներն ընկերների հետ անցկացնել իրենց շենքի տանիքում: Ընկերներդ նստում էին, աշխույժ զրուցում, բայց դու պառկում էիր նստարաններին ու անձայն նայում այնտեղ, ուր ձուլվում էին երկու հավերժություն: Մայրամուտ էր: Ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, ու միայն մայրամուտն է երևի, որ մնացել է նույնը: Ասա´, որ դու էլ ես նույնը, Զա´վ, ասա´, որ սիրտդ շարունակում է անհանգիստ տրոփել, երբ նայում ես այդ մայրամուտին:

Կարոտել եմ քեզ, Զա´վ, կարոտել   եմ կյանքիս  այն արևածագը…»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]