Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի մարզային հիվանդանոցներում 380 բժիշկ-մասնագետի կարիք կա

Հայաստանի մարզային հիվանդանոցներում 380 բժիշկ-մասնագետի կարիք կա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի մարզային հիվանդանոցներում 380 բժիշկ-մասնագետի կարիք կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանն` անդրադառնալով մարզային բժշկական հաստատությունների կարդային խնդիրներին:

-Պարոն Սողոմոնյան, մարզային բուժհաստատություններում կարդային ինչպիսի՞ խնդիր ունենք, ձեր ունեցած վեջին տվյալներով ի՞նչ մասնագետների պակաս կա:

-Առողջապահության նախարարությունը մշտապես վարում է մարզային կազմակերպությունների բժշկական կադրային պահանջարկի տեղեկատվական բազա, որը մշտապես թարմացվում է: Վերջին տվյալներով, մարզային բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ է 380 բժիշկ ամենատարբեր մասնագիտություններով: Պահանջված մասնագետներն են` ընտանեկան բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, շտապօգնության բժիշկ, մանկաբույժ, սրտաբան, վիրահատող գինեկոլոգ, ընդհանուր վիրաբույժ:

-Ո՞ր մարզերում է խնդիրն առավել սուր, որտե՞ղ է իրավիճակը բարվոք:

-Ընդհանուր առմամբ, մասնագետների պակասի խնդիրն այն մարզերում է, որտեղ բնակչության թիվն առավել մեծ է: Առավել շատ բժիշկների թափուր տեղ կա Լոռիում, Շիրակում, Սյունիքում, սակայն դա բնավ չի նշանակում, որ կադրային խնդիրը սուր է հենց այդ մարզերում: Թվերի մեծությունը պայմանավորված է ազգաբնակչության քանակով: Որքան մեծ է ազգաբնակչության թիվը, բնականաբար, այդքան անհրաժեշտ են ավելի շատ բժիշկներ: Եթե բժիշկների տոկոսային քանակը դիտարկենք 10 հազար բնակչի հաշվով, ապա կտեսնենք, որ վերը նշված մարզերն այդքան էլ վատ վիճակում չեն: Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերը շատ ավելի վատ են ապահովված բժիշկներով, քան նույն Սյունիքը:

-Կադրերի պակասի խնդիրն արդյո՞ք նաև այն բժշկական հաստատություններում են, որոնք վերջին շրջանում արդիականացվել են, հագեցվել են նոր սարքավորումներով:

-Այո: Ասեմ, որ վերջին տարիներին մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային պահանջարկի աճը պայմանավորված է մի քանի գործոնով: Դրանից մեկը ներքին, արտաքին միգրացիան է: Բժիշկների մի խումբն ընտրում է կամ Երևանը կամ արտերկիրը: Կադրերի պակասի հիմնական խնդիրը կապված է նաև բժշկական կենտրոնները վերազինելու հետ: Վերջին տարիներին պետությունը հետևողական աշխատանք տարավ, որ գրեթե բոլոր մարզերում ունենանք վերանորոգված արդիականացված բժշկական կենտրոններ, որտեղ  մատուցվում են նոր ծառայություններ: Օրինակ, Գյումրու բժշկական կենտրոնը, որտեղ գործում է ինվազիվ  սրտաբանության ծառայություն, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, զարգացել է վնասվածքաբանության ծառայությունը և այլն: Սրանք ծառայություններ են, որոնք նախկինում կամ չեն եղել, կամ լավ զարգացած չեն եղել: Ահա այդ նոր ծառայություններն իրենց հետ բերեցին նեղ մասնագիտական կադրային աճի:

-Դուք կարդային պակասի խնդիրների պատճառ նշեցիք ներքին, արտաքին միգրացիան և նոր ծառայությունների ավելացումը, որն էլ բերեց նեղ մասնագիտական կադրային աճի: Դրանից բացի, ի՞նչ այլ խնդիրներ կան:

-Իհարկե, միայն սրանք չեն: Կատարել ենք ուսումնասիրություն և վերհանել մի քանի պատճառ: Նախ` վարձատրության ցածր մակարդակը, որը կապված է սպասարկվող այցելուների փոքր թվի հետ: Հայտնի է, որ այդ այցելությունների ծավալներից է գոյանում դրամական փոխհատուցումը: Եթե այցելունի թիվը փոքր է, ապա աշխատանքի վարձատրությունն էլ  քիչ է լինում: Պատճառներից մյուսը մարզային կյանքի սոցիալ-մշակութային առանձնահատկություններն են: Նրանք ցանկանում են աշխատաժամանակից դուրս այցելել ժամանցի վայրեր, մշակութային կենտրոններ, իսկ մարզերն այդ տեսանկյունից պասիվ են: Հաջորդ պատճառը մասնագիտական աճի նվազ հնարավորություններն են:

Կարծում եմ, որ ինչ-որ մի պահի կգնանք մարզային հիվանդանոցների խոշորացման ճանապարհով: Փորձենք պակաս ծանրաբեռնվածությամբ աշխատող հիվանդանոցները միավորել,  որտեղ մասնագետների աճի հնարավորություններն ավելի շատ կլինեն, դիմելիությունը կմեծանա, և աշխատավարձները բարձր կլինեն: Սա ճանապարհ է, որով գնացել են զարգացած երկրները:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզերում կադրային բացը լրացնելու համար:

- Նախարարությունը  մի քանի ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում: Մասնավորապես, նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որի շրջանակում տարեկան 35 ուսանող ընդունում ենք օրդինատուրա, պետական բյուջեից վճարում ենք ուսման ծախսը, տալիս ենք նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ: Այդ ուսանողները կնքում են պայմանագիր, որով պարտավորում են 5 տարի աշխատել մարզերում: Այս ծրագրի արդյունավետությունն ապացուցված է թվերով, այս տարիների ընթացքում մոտ 100 բժիշկ մարզերում աշխատում են: Կառավարությանն առաջարկել ենք, որ այս ծրագրի համար հատկացվող միջոցները ավելացվեն: Արդյունքում, կկարողանանք մարզերի համար տարեկան մինչև 100 բժիշկ պատրաստել:

Դրանից բացի, նախարարութան և մարզային իշխանությունների համագործակցության շրջանակում տեղի իշխանությունները փորձում են սոցիալական փաթեթ տրամադրել ոչ տեղաբնակ բժիշկներին` փոխհատուցելով որոշ ծախսեր: Աշխատում ենք մարզաբնակ բժիշկներին ընդգրկել վերապատրաստման ծրագրերում: Վերջերս 3 բժիշկ վերապատրաստման նպատակով ուղարկել ենք արտասահմանյան կլինիկաներ, հիմա մարզերում բավական հաջող աշխատում են: Ինչպես տեսնում եք աշխատանքները տարաբնույթ են, ամեն դեպքում բեկումնային առաջընթացի համար զգալի ֆինանսական միջոցների ներդրում է անհրաժեշտ: 

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]