Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է բանկերին վաճառված դոլարի չափը
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հրապարակել է 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում իր կողմից բանկերին վաճառված դոլարի չափը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած արտարժույթային աճուրդներում վաճառել է 371 մլն ԱՄՆ դոլար:
Սեպտեմբեր ամսին հիմնադրամի կողմից վաճառված դոլարի չափը կազմել է 630,9 մլն դոլար:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին հիմնադրամը բանկերին վաճառել է 4 մլրդ 283,3 մլն դոլար:
Ադրբեջանի նավթային հիմնադրամը Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող արտարժույթի աճուրդներում հանդես է գալիս որպես դոլարի առաջնային աղբյուր:
Նշվում է, որ 2006-2007 թվականների համեմատ 4,24 եւ 4,49 տոկոս եկամուտով աշխատող Հիմնադրամի` 2015 թվականին ակտիվների գծով եկամտաբերությունը կազմել է 1,24 տոկոս: Հիմնադրամում ամենացածր եկամտաբերությունը` 0,99 եւ 0,83 տոկոս, եղել է 2010 եւ 2011 թվականներին:
Հիմնադրամը ցածր եկամտաբերությունը կապում է միջոցների ամենացածր ռիսկայնություն ունեցող ակտիվներում ներդրում կատարելու հետ:
Ըստ կայքի` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները վերջին 10 տարում 3,4 անգամ նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում