Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Ինդոնեզիան վերացրել են վիզայի պահանջը որոշ տեսակի անձնագրեր կրողների համար

Հայաստանն ու Ինդոնեզիան վերացրել են վիզայի պահանջը որոշ տեսակի անձնագրեր 
կրողների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ նոյեմբերի 1-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական և մշակութային փոխանակումների խրախուսումը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր այցը Ջակարտա միտված է էլ ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ իր նախորդ այցելությունից ի վեր առաջընթաց է գրանցվել երկկողմ հարաբերություններում. կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, Ջակարտայում հիմնվել և ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ դեսպանությունը, անցյալ տարի Երևան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր, համագործակցություն է մեկնարկել երկու երկրների կրթական հաստատությունների միջև։

Նախարարները շեշտեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը՝ այդ համատեքստում արժևորելով այս այցի շրջանակներում ստորագրվելիք ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագիրը։ Նախարարները գոհունակություն հայտնեցին նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների կրթական հաստատությունների՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկեցին տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Հարավ-Արևելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրեց այցելել Հայաստան:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ռետնո Մարսուդին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև համագործակցության հուշագիրը։

Էդվարդ Նալբանդյանը և Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրեցին մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]