Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով

 Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, երկար տարիներ լինելով Հայաստանի միակ տեխնոլոգիական ոլորտի ասոցիացիան և ներառելով հանրապետության, ըստ էության, բոլոր խոշոր խաղացողներին այդ ոլորտում, իր գործունեության ընթացքում ձևավորել է ռազմավարություն։ 

Այս մասին, ինչպես նաև կառավարության նոր ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք բարեփոխումների մասին լրագրողների հետ զրույցում խոսեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։ 

Մինչ վերջերս եղել է անմիջական և ուղղակի համագործակցություն նախկին էկոնոմիկայի նախարարության հետ, որը պատասխանատու էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի համար։ Բնականաբար, նոր փոփոխությունից հետո, մենք կանք և լինելու ենք տրանսպորտի, կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության հիմնական գործընկերներից մեկը։ Մեր քննարկումների ընթացքում ձևավորվում են այն առաջնահերթությունները և այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը զարկ տալու համար»։ 

Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրենց միությունը ուղղակի մասնակցություն չի ունեցել ՏՏ ոլորտին վերաբերող փաստաթղթի մշակման հարցում։ «Մենք նախկինում ուղարկել ենք մեր մոտեցումները նախկին Էկոնոմիկայի նախարարություն, որը այն ժամանակ պատասխանատու էր ոլորտի համար»,-նշեց Չոբանյանը։ 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրենը կառավարության ծրագրի մասին խոսելիս այն գնահատեց այսպես. «Կառավարության ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը համարյա թե առկա չէ։ Իհարկե, այնտեղ կան շուրջ տասը կետ, որոնք վերաբերում են ՏՏ ոլորտին»։ 

Փոխտնօրենի խոսքով՝ կառավարության այս գործողությունների ծրագիրը ընդհանրապես չի արտացոլում ռազմավարական ուղղությունները, որոնք առկա էին վերջին տարիներին, որոնք առկա են նաև այսօր։ Առաջինը, որ նա նշեց, ռազմավարության բացակայությունն է, որը հանգեցնում է այն բանին, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչ-որ մի ոլորտ կարող է մի կողմ մնալ: Դրանից հետո էլ ժամանակ է հարկավոր, մինչև որ նորից ոլորտը դրվի իր տեղում։ 

«Մենք պիտի նպաստենք, որպեսզի առաջիկայում ռազմավարական փաստաթղթերով կոմպենսացնենք այս փաստաթուղթը, որի ձևավորմանը կմասնակցի ամբողջ ոլորտը։ Ես համոզված եմ, որ փետրվար-մարտ ամիսներին մենք կունենանք նախագիծ, որը կներկայացնենք հասարակության դատին»,- հավելեց Չոբանյանը։ 

«Մենք պետք է լինենք կառուցողական, լինենք նաև պահանջկոտ, այսինքն՝ լինեն փաստաթղթեր, հաշվարկներ, կոնկրետ ծրագրեր իրենց արդյունքներով և, բնականաբար, պետք է լինի ճնշում ոլորտի կողմից։ ՏՏ ոլորտի զարգացման նախաձեռնողը չպիտի լինի կառավարությունը, այլ պետք է լինի հենց տվյալ ոլորտը։  Այս ամենն իրականացնելով, իմ կարծիքով, մենք կկարողանանք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ներկայացնել Հայաստանը»,-ասաց Չոբանյանը։ 

2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագիր է ստորագրվել: Այն ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը: 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]