Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը ծանոթացել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային 
ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական իրերի և ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդես: Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենական և արտասահմանյան ընկերությունների տաղավարներով շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ոսկերչական իրերին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, արտադրանքի սպառման ու արտահանման ծավալներով, զարգացման ծրագրերով։ Ողջունելով թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին՝ վարչապետը միաժամանակ կարևորել է գործնական բիզնես ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել Հայաստանում արտադրություն հիմնելու, մասնագետներ պատրաստելու և աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի ծավալն ավելացնելու, շուկան ընդլայնելու և դրանով իսկ ոլորտի հետագա զարգացումը խթանելու գործում: «Եթե դուք այստեղ հարկային արտոնություններ ունեք, եթե ձեզ ավելի ձեռնտու է այստեղ բիզնեսով զբաղվելը, ի՞նչն է խնդիրը: Եկեք, Հայաստանում արտադրություն հիմնեք. և´ մարդկանց կսովորեցնեք, և´ դուք կշահեք, և´ եկամուտ կունենաք», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ակտիվ համագործակցել ոսկերչական ընկերությունների հետ:

Վարչապետը ծանոթացել է նաև Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի արհեստագործական հոսքի սաների պատրաստած աշխատանքներին: Նշվել է, որ հոսքը գործում է այդ աշխատանքների վաճառքից ստացվող հասույթի հաշվին: Ողջունելով աշակերտների կատարած աշխատանքը և տեղեկանալով, որ հոսքի հետագա գործունեության համար հաստոցի կարիք կա՝ Կարեն Կարապետյանը խոստացել է նվիրել այն դպրոցին:

«ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» միջազգային ոսկերչական ցուցահանդեսն անցկացվում է Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցության (AJA) կողմից ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և ՀՀ կառավարության աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն է՝ աջակցել ոսկերչության զարգացմանը, ոլորտում միջազգային համագործակցության խորացմանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների և ծրագրերի կյանքի կոչմանը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]