Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակի ցուցահանդեսն իր դռները բացեց հանրության առաջ


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում՝ հոկտեմբերի 28-ին: «Որոշ նկարներ ռեստավրացիայի են ենթարկվել այս ցուցադրության համար: Ներկայացված է նկարչուհու ավելի քան 70 աշխատանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է նկարչուհու ստեղծագործական զանազան փուլերի գեղարվեստական երկեր`  Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության և ֆոնդային շուրջ 48 գեղանկար, ընտանիքի հավաքածուի 17 կտավ:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ անձամբ չի ճանաչել նկարչուհուն, սակայն գնահատում է նրա արվեստը և կարծում է, որ այն ձեռքբերում է հայ ժողովրդի համար:

Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է նաև նկարչուհու ստեղծագործությունների պատկերագիրքը:

«Արփենիկ Նալբանդյանը հիանալի մանկավարժ էր և ոգեշնչում էր իր սաներին պահպանել իրենց անհատականությունը»,-շեշտեց նկարչուհու աշակերտ` նկարիչ Մովսես Գրիգորյանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` Արփենիկ Նալբանդյանը արտակարգ դիմանկարներ է ստեղծել, և ինքը ցավում է, որ նրա աշխատանքներն հանրության ավելի լայն շերտերին ծանոթ չեն:

 Արփենիկ Նալբանդյանն աշխատել է տարբեր ժանրերում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն դիմանկարը նրա արվեստում մշտապես գերակշիռ տեղ է զբաղեցրել:

 Գեղանկարիչը վրձնել է շուրջ 300 աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում, Հայաստանի պատմության թանգարանում, ընտանիքի և մասնավոր այլ հավաքածուներում:

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին, Վրաստանում, մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայում: 1941 թվականին ամուսնանալով Էդուարդ Իսաբեկյանի հետ՝տեղափոխվել է Երևան և ներգրավվել երկրի մշակութային կյանքին: Մահացել է 1964 թվականին, Երևանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ