Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/35. «Փոքրիկ իշխանը» գլխավորում, իսկ «Այսպես խոսեց Զրադաշտը» եզրափակում է ցանկը

Երևանյան բեսթսելեր 4/35. «Փոքրիկ իշխանը»  գլխավորում, իսկ «Այսպես խոսեց Զրադաշտը» 
եզրափակում է ցանկը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը երկրորդում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Երրորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

Պաուլու Կոելյուի «Լրտեսը» զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Տասնյակը կիսում է Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակի վեցերորդ տեղում է: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:

Յոթերորդ հորիզոնականում Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն է, որում տեղ են գտել ռուս անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը ութերորդում է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Արմեն Հայաստանցու «Մայրենիք. դրոշ» ստեղծագործությունն իններորդ տեղում է: Այն հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:

«Այսպես խոսեց Զրադաշտը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշեի (1844-1900) կենտրոնական երկերից է, որում բանաստեղծական շնչով ի մի են բերված նրա հիմնական հայացքները: Այն եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Հայերեն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակվել է 2002 թ.: Սա գրքի չորրորդ՝ վերամշակված հրատարակությունն է: Գերմաներենից թարգմանել է Հակոբ Մովսեսը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ Պրինտ/ Անտարես 46
2 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 25
3 -1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ 25
4 +3

Պաուլու Կոելյու

«Լրտեսը»

Անտարես    11
5 *

Պաուլու Կոելյու

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 11
6 *

Ջեյն Օսթին

«Հպարտություն և նախապաշարմունք»

Անտարես 10
7 -3

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 10
8 0

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ 6
9 *

Արմեն Հայաստանցի

«Մայրենիք. դրոշ»

Անտարես 5
10 *

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե

«Այսպես խոսեց Զրադաշտը»

Անտարես 4

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]