Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽ-ում դատապարտել են Թուրքիայում լրագրողների նկատմամբ բռնությունները

ԵԽ-ում դատապարտել են Թուրքիայում լրագրողների նկատմամբ բռնությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի մամուլի ազատության հարցով գումարված նիստի ժամանակ արձանագրվել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո լրագրողների վիճակն ավելի է վատացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն Թուրքիայում առկա դրությունը «մտահոգիչ և անընդունելի» է որակել` հորդորելով թուրքական կառավարությանը վերացնել մամուլի ազատության առջև դրված բոլոր խոչընդոտները:

ԵԽ ամենամեծաքանակ խմբի` Քրիստոնեա-դեմոկրատների անունից խոսող գերմանացի խորհրդարանական Ռենատ Սոմերն ասել է, որ «Թուրքիայում խոսքի և մամուլի ազատություն չի մնացել և սկսվել է վհուկների որս»:

ԵԽ սոցիալ-դեմոկրատների անունից ելույթ ունեցող Քաթի Փիրին, ով Թուրքիայի հարցով զեկուցող է, հորդորել է ազատ արձակել Թուրքիայում բանտարկված բոլոր լրագրողներին: «Լրագրողները բանտերում են ոչ թե գործած հանցանքների, այլ արտահայտած մտքերի պատճառով»,- նշել է նա:

Կանաչների խմբակցության անունից հանդես եկող գերմանացի խորհրդարանական Ռեբեկա Հարմսն էլ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գիշերն անվանել է Թուրքիայի «քաղաքական կյանքի ամենավատ պահերից մեկը»:

Նիստից առաջ մամուլի ասուլիս է հրավիրել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը, ում դեմ լրտեսության և պետական գաղտնիքները հրապարակելու մեղադրանքներով Թուրքիայում դատական գործ է հարուցված: Նա լրագրողների հետ զրույցում աջակցություն է խնդրել Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]