Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երեւան» տոնավաճառում բացվելու է շուրջ 1000 աշխատատեղ

 «Երեւան» տոնավաճառում բացվելու է շուրջ 1000 աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մատչելի գնի եւ սպասարկման բարձր որակի համադրությամբ նախադեպը չունեցող «Երեւան» տոնավաճառը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես բացեց դռները այցելուների առջեւ: Բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Տոնավաճառի մանրամեծածախ առեւտրի համար նախատեսված 400 տաղավարներում ներկայացված են Հայաստանի արտադրող եւ ներմուծող ամենախոշոր ընկերությունները: 

«Մենք արդեն իսկ ունենք 95 տոկոս ծանրաբեռնվածություն: Մանրամեծածախ առեւտրի համար նախատեսված 6 ազատ տաղավար է մնացել: Ցանկացողները շատ են, մոտ օրերս դրանք նույնպես կտրամադրվեն: Բոլոր տաղավարները օժտված են հակահրդեհային, տաքացման, հովացման համակարգերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց «Երեւան»  տոնավաճառի գործադիր տնօրեն Էդգար Առաքելյանը: 

Նրա խոսքով` տոնավաճառում սահմանված են վարձակալված տարածքների համար նախատեսված այնպիսի գներ, որպեսզի վարձակալները հնարավորություն ունենան իրենց ապրանքը վաճառել մատչելի գներով:  «Այս հանգամանքը մեր տոնավաճառ շատ հաճախորդներ կբերի: Այն գտնվում է նաեւ բանուկ հատվածում` մետրոյի կայարանի, միջքաղաքային տրանսպորտային միջոցների հարեւանությամբ: Տոնավաճառի կայանատեղին նախատեսված է  ավելի քան 1000 ավտոմեքենայի համար»,-ասաց նա՝ հավելելով, որ տոնավաճառում գործում են նաեւ բանկ, ապահովագրական ընկերություն, տուրիստական գործակալություն, դեղատուն, ավտոլվացման կետ, սրճարաններ, ժամանցային տարբեր վայրեր, գրասենյակային տարածքներ, կինոթատրոն: 

«ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ  հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսքով` տոնավաճառը կառուցելու համար ուսումնասիրվել է արեւմտյան երկրների փորձը:

2017 թվականին նախատեսում ենք հյուրանոցային տնտեսություն կառուցել: 

«Երեւան» տոնավաճառը գտնվում է Սմբատ Զորավար 11/1 հասցեում: Տոնավաճառի ստեղծման նախաձեռնող է հանդիսանում «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ն: Տոնավաճառի շինարարությունը սկսվել է 2016թ-ի հունվարին, այն տեղակայված է 6 հեկտար հողատարածքի վրա, որից առաջին փուլի շրջանակներում կառուցվել է եռահարկ շենք` յուրաքանչյուր հարկը 4 հազար 300 քմ տարածքով, բակային հատվածում գտնվող առանձին տաղավարներ` 5 հազար քմ ընդհանուր մակերեսով, գրասենյակային տարածքների համար նախատեսված քառահարկ շենք` ընդհանուր 700 քմ մակերեսով, 5 հարկանի հյուրանոցային շենք` ընդհանուր 1100 քմ մակերսով եւ պահեստային տարածքներ` ընդհանուր 2 հազար 300 քմ մակերեսով:

Տոնավաճառը տեղակայված է եռահարկ կառույցում, որն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն: 

Առաջին հարկում գործում են քանակով 170 մանրածախ վաճառքի տաղավարներ, որտեղ վաճառվում է շուրջ 50 տեսակի ապրանքատեսակ, այդ թվում` սպասք, տեքստիլ, էլեկտրոնիկա, գրենական պիտույքներ, աքսեսուարներ, մաքրության միջոցներ, օծանելիք, խաղալիքներ եւ այլն: Երկրորդ հարկում գործում են թվով 170 մանրածախ վաճառքի համար նախատեսված առեւտրի տաղավարներ, որտեղ վաճառվումէ հագուստ: Շենքի առաջին երկու հարկերում գործում են շուրջ 340 վաճառքի տաղավարներ: Իսկ երրորդ հարկում` ընդհանուր 4 հազար 300 քմ մակերեսով նախատեսվում է կազմակերպել հայրենական արտադրության կոշիկների մասնագիտացված մեծ շուկա, որը լուրջ խթան կհանդիսանա տեղական կոշիկի արտադրության զարգացման համար: 

Տոնավաճառի բակային տարածքում տեղակայված են թվով 109 մեծածախ առեւտրի համար նախատեսված տաղավարներ, որտեղ վաճառվում են ավելի քան 40 ապրանքատեսակ, այդ թվում՝ շինանյութ, մալուխներ, սնունդ, սպասք, տնտեսական, սպորտային պարագաներ, դիզայնի պարագաներ, քիմիական մաքրման նյութեր, թունաքիմիկատներ եւ այլն: 

Երեւան» տոնավաճառի գլխավոր առանձնահատկություններից է կառուցված տաղավարների որակի եւ սահմանված վարձավճարների բացառիկ համադրությունը, այն է՝ 1 քմ տարածքի արժեքն ընդամենը 8 հազար ՀՀ դրամ է մեկ ամսվա համար, ինչպես նաեւ նրա, քաղաքային տրանսպորտային կարեւորագույն հանգույցների մոտ գտնվելը, այն է՝ Երեւանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը, ՀՀ մարզերից մայրաքաղաք ժամանող եւ մայրաքաղաքից մեկնող տրանսպորտային միջոցների կայարանը, ինչպես նաեւ երկաթգծի կայարանը: 

Շինարարության երկրորդ փուլի արդյունքում էլ 2017թ-ի ամռանը Երեւանը կունենա 43 հազար քմ տարածքով, 850 մանրածախ եւ մեծածախ առեւտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որը կստեղծի շուրջ հազար աշխատատեղ՝ ամսական 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am